Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք տեղի է ունենում «միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը» Բաքվի եւ Ստեփանակերտի միջև. «Առերեսում»

Փետրվար 25,2023 15:00

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են` ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ, ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ: Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանրայնացրել էր մի տեքստ, որն ըստ նրա՝ Մյունխենում բանակցվել է ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ, և որում խոսվում է նաեւ այն մասին, թե ինչ տրամաբանությամբ կարող է տեղի ունենալ Ստեփանակերտի և Բաքվի շփումը. «Բաքուն անհապաղ կերպով կմեկնարկի կառուցվածքային (структурированный) երկխոսությունը Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքների և անվտանգության մասին փոխադարձ ընկալումը»։

Երևանում փետրվարի 22-ին նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր հայտնել, որ «Մյունխենում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունն ու հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»:

Հարցին՝ արդյոք տեղի ունեցած այս հանդիպումը հենց այն է՝ ինչի մասին բանակցվել է Մյունխենում, «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պատասխանեց. «Հակված չեմ մտածել, որ սրանք հիմնարար պայմանավորվածություններ են: Սրանք ավելի շատ նմանվում են ինչ որ ծխածածկույթի, ստորջրյա գործընթացների եւ զարգացումների, որոնք, ցավոք սրտի, հասանելի չեն ոչ հայ հասարակության լայն զանգվածներին, ոչ էլ, կարծում եմ, նաեւ փորձագիտական շրջանակին»:

Վահագն Մելիքյանի գնահատականով՝ Ադրբեջանի ցանկացած նախապայման ու պահանջ հիմա կատարվում է ու որեւէ մեկը երաշխավորված չէ, որ վաղը չեն լինելու նոր նախապայմաններ. «Հիմա եթե բացեցին Լաչինի միջանցքը… տա Աստված՝ օր առաջ, վայրկյան առաջ բացեն… որտե՞ղ է գրված այն երաշխիքը, որ հաջորդ իսկ առավոտյան դա չի փակվելու»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ նկատել էր. «Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին նույնպես ենթադրում էր ապրել կողք կողքի Ադրբեջանի հետ, սակայն բանակցությունները եւ քննարկումները պետք է լինեին՝ որպես երկու սուբյեկտների միջեւ: Երեկվա բանակցություններն… իհարկե, նման խնդիրներ նախկինում նույնպես ծագել են՝ մինչեւ Վարդանյանի այնտեղ գտնվելը: Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը 2020 թվականից հետո էլ: Որոշ դրվագներում եղել են բանակցություններ՝ հումանիտար կամ ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված»:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ Ադրբեջանի վերջին օրերի նման գործողությունների դրդապատճառը հետեւյալն է. «Հաագայի դատարանի որոշումից հետո, որին Ադրբեջանը ստիպված էր առերեսվել ու լուծում տալ, այժմ Ռուբեն Վարդանյանի հեռանալը փորձելու են նաեւ պատրվակ դարձնել, որ իրենց պահանջի կատարման հետեւանքով են մի օր բացելու ճանապարհը եւ ոչ թե միջազգային ճնշումների: Իրոք պայքարի կարեւորագույն արձանագրումներից մեկը դատարանի այդ որոշումն էր, ու դրանից մեկ օր անց Ռուբեն Վարդանյանին ազատելը կարծես պայքարը կիսատ թողել էր, քանի որ սա շատ կարեւոր նախադեպ կարող էր դառնալ, որ հենց Արցախի, հայ ժողովրդի պայքարի շնորհիվ էր տեղի ունենալու ճանապարհի բացումը եւ ոչ թե Ադրբեջանի պահանջների»:

«Առերեսում» հաղորդաշարի հերթական թողարկումը դիտեք այսօր՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728