Լրահոս
Օրվա լրահոսը

15 մլն դրամ տուգանք` կովկասյան ազնվացեղ եղջերու վնասելու դեպքում

Փետրվար 25,2023 14:40

Օրերս Դիլիջանի համայնքապետարանը տեսաձայնագրություն էր տարածել, որտեղ երևում էին Դիլիջանի ոլորաններում զբոսնող երեք եղջերու: Համայնքապետարանից հայտնեցին, որ եղջերուները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կառուցված «Կովկասյան եղջերուների բազմացման կենտրոն»-ի առանձնյակներ են, որոնք բաց են թողնվել բնության ազատ գոտի 2022 թվականի աշնանը:

«Կովկասյան եղջերուների բազմացման կենտրոն»-ի ղեկավար Սամվել Ժամհարյանն Aravot.am-ի զրույցում նշեց, որ զարմանալի չէ եղջերուների անկաշկանդ շփումը մարդկանց հետ։ «Իրենք բավականին շփվող, մարդամոտ կենդանիներ են և զարմանալի չէ նրանց պահվածքը։ Եղջերուները նաև շատ են սիրում քայլել և դա պատճառներից մեկն է, թե ինչու են հայտնվել ասֆալտապատ տարածքում։ Եղջերուների զբոսանքը հսկվում է հատուկ ռադիովզկապով։ Նշեմ,  որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքերի համար արդեն իսկ օրենքով սահմանված են պատասխանատվության միջոցներ, այդ թվում տուգանք՝ 15 մլն դրամի չափով: Բացի այդ, նրանց անվտանգությունից ելնելով Դիլիջանում կտեղադրվեն ճանապարհային հատուկ նշաններ։ Այս կապակցությամբ արդեն իսկ դիմել ենք Դիլիջանի համայնքապետարան և առաջիկայում  M4 միջպետական ճանապարհին կտեղադրվեն զգուշացնող նշաններ՝ վարորդներին առավել զգոնացնելու համար»,-նշեց Սամվել Ժամհարյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 16-ին կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ։ 2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Կովկասի բնության հիմնադրամը։ Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր է բերվել 2018 թվականին Իրանից: Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Դիլիջան» ազգային պարկի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728