Սիսիանում մարտի 26-ին կայանալիք համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է 3 կուսակցություն։ Անցած տարի՝ սեպտեմբերի 25-ին ընտրություններին մասնակցեց 7 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն եւ 2 դաշինք։
Հիշեցնենք՝ 2022 թ. դեկտեմբերի 29-ին, կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորություններ։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է՝ 2022 թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին ավագանու թվով 10 անդամ:
Այս անգամ առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀԿ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։
Սիսիան համայնքի ընտրողները զարմացած են այն քաղաքական ուժերից, որոնք բոյկոտեցին ավագանու նիստերը եւ վաղաժամկետ դադարեցվեց ավագանու լիազորությունները։ «Հետ մնացինք, աշխատավարձի հարց կար, սուբվենցիոն ծրագրեր, հիմա ով չի մտածում Սիսիանի ապագայի մասին՝ իրենք՝ այդ ուժերը, թե «Քաղաքացիական պայմանագիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արամ Արսենյանը։
Կարդացեք նաև
Սիսիանցիների մի մասի կարծիքով՝ մանդատները վայր դրած ուժերը փորձեցին ապացուցել, որ առանց իրենց «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող Սիսիանում հարց լուծել։ «Գո՞ւցե հիմա այդ ուժերը սատարեն Ջիվան Մարգարյանին (ՀՀԿ–ի ընտրացուցակի առաջին համարը-Ա․Դ․) կամ Ավագ Ասատրյանին (գլխավորում է «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը-Ա․Դ․)»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեցին սիսիանցիները։
Փորձեցինք կապ հաստատել սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին մանդատ ստացած եւ մանդատներից հրաժարված ուժերի ընտրացուցակները գլխավորող թեկնածուների հետ։ Վերջիններս սակայն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
Միայն «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արա Զաքարյանի հետ հաջողվեց կապ հաստատել։ Հիշեցնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունը նախորդ ընտրություններին ստացել էր 4 մանդատ։ Ավագանու անդամները չմասնակցեցին նույնիսկ առաջին նիստին։ «Այս անգամ չառաջադրվելու միակ պատճառն այն էր, որ էլի նույն վիճակը պիտի առաջանար»,-ասաց Արա Զաքարյանը։ Վերջինիս խոսքով դեռ որոշում չկա՝ թե առաջադրված ո՞ր ուժին է սատարելու «Ապրելու երկիր»-ը։ «Չեմ կարող ասել, բայց թերեւս ոչ մեկին էլ չսատարենք։ Դեռ քննարկում այդ հարցով չկա»,-ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Սիսիանում շրջանառվող լուրերի՝ Արա Զաքարյանին աշխատանք են առաջարկել՝ «Սիսիան» մաքսակետի պետի պաշտոնը։ «Իսկ ե՞րբ են նշանակելու, դրա մասին չեն ասում»,-կատակեց Արա Զաքարյանը՝ հերքելով նման խոսակցությունները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ