Ես սյունեցի եմ: Ինձ համար Արցախը և Սյունիքը մի միասնություն է: Արցախի ամեն մի քարին, ամեն մի ծառին կարծես փորագրված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը: Հայ ժողովրդի ստեղծագործ մտքի, շինարար ձեռքի ամենախոսուն վկան է Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Ամարասն ու Գանձասարը: Անվերջ կարելի է շարունակել այս շարքը, բայց այսօր վիրավոր Արցախը արյունաքամ է լինում, իսկ միջազգային հանրությունը՝ խուլ ու համր ձևանում: Շուրջ երկու ամիս շրջափակման մեջ է Արցախը, բայց իր լեռների պես տոկուն դիմակայում է թշնամուն, բազում «ամպրոպաշունչ գիշերների» միջով անցնելով, պահում ու պահպանում է մեր «զարկված» հայրենիք հողն ու ջուրը, երգն ու պարը, լեզուն ու մշակույթը: Ես համոզված եմ այսքան ցավ ու վշտի դիմակայող ժողովուրդը, մի օր որպես փյունիկ կհառնի մոխիրներից, ու ոչ միայն արյունաքամ չի լինի՝ ստացած արնածոր վերքերից, այլ կշարունակի ապրել, հարատևել, ստեղծել իր նոր վերածնված հայրենիքը՝ ազատ ու անկախ Արցախը, իր սեփական գերբը ու դրոշով, իր փառապանծ բանակով:
Ինչքան գեղեցիկ երազանքներ են ծնվում մեր հոգում, որ պահում, ու փայփայում ենք ողջ կյանքում, և երջանկանում, երբ իրականանում են դրանք:
Ահա ձգվում է հուշերիս թելը և աչքերիս առաջ պատկերվում են այն գեղեցիկ օրերը, երբ եղբայրներս ծառայում էին Արցախում, իսկ մենք մեկ-երկու օրով գնում էինք նրանց տեսակցության: Ինչպիսի գեղեցիկ վայրեր, ինչ հեքիաթային պահեր էին դրանք, որ հիմա ժապավենի պես գալիս ու անցնում են աչքերիս առջևով: Հիմա ուրախությունն ու տխրությունը միախառնվել են, քանի որ ազերիները 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը սևով ներկեցին հայերի օրացույցի մեջ:
Հայ զինվորը պայքարի դուրս եկավ հանուն իր հայրենիքի, հանուն ազատ ու անկախ ապրելու, իր սեփական հողն ու ջուրը պահելու: Հերոսացան նրանք, ամենաթանկը տալով հանուն ազատության: Զինվորի խիզախ պայքարի հետևում դավադիր սարդոստայն հյուսվեց ու ստորագրվեց չարագույժ մի փաստաթուղթ, որը նսեմացրեց հայի անկոտրում ոգին: Հերոսացած զինվորները երկնքի արծիվներ դարձան ու հիմա այդ բարձրությունից են հսկում Արցախը, որ երբեք ու երբեք չհանձնվի ու մեջքը չծռի օտար զավթիչի առաջ, քանի որ 35 տարի առաջ, երբ թոթափվեց Արցախը օտարի լծից, անհրաժեշտ է այն պահել ու պահպանել, քանզի ազատությունը ամենահիասքանչ բանն է աշխարհում: Արցախն ինձ համար այլևս հող չէ: Այն հայ զինվորի արյունով լվացված ու սրբագրված մասունք է, «Սուրբ մասունք»:
Կարդացեք նաև
Ոտքի ելեք աշխարհասփյուռ հայեր, նժդեհածին ժողովրդի սերունդներ, ոտքի ելեք և ողջ դիվանագիտական ատյաններում հնչեցրեք մեր պահանջը՝ պահել մեր սուրբ հողը և թույլ չտալ, որ դավադիր թշնամին իր թաթը վերջնականապես դնի Արցախի գլխին: Հիշեք, մինչ մենք լռում ենք թշնամին գործում է: Կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին՝ վերջապես արթնանան այս դեպի խավար տանող թմբիրից ու ազատվեն «հայի տականքից» ու մենք կհաղթենք, ոչ թե սրով այլ խելքով, հնարամտությամբ ու հայի ազնիվ տեսակով:
Կարծում եմ, որ շուտով, շատ շուտով Արցախը նորից կշարունակի իր վերելքի ուղին՝ որպես հավերժի ճամփորդ ու նրա անսասան կամքը ոչինչ չի կարող ընկճել՝ ոչ էլ դիվանագիտական խարդավանքները:
Արցախը եղել է, կա ու կշարունակի իր հավերժության ճամփան, և ինչպես բանաստեղծն է պատկերավոր ասել. «Հայերն ապրել են, ապրում են, կապրեն»:
Կորյուն Հրայրի ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
22 տարեկան