Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ սպասվելիք ու արդեն տեղի ունեցած եռակողմ հանդիպումների մասին, խոսել Արցախում տեղի ունեցող զարգացումներից: Անդրադառնալով նախ ԱՀ արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելուն՝ քաղտեխնոլոգը նշեց, որ, ընդհանուր առմամբ, գործ ունենք ավելի խորքային գործընթացի հետ, ինչը լիովին տեղավորվում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում:
«Ռուսներն անընդհատ փորձում են իրենց տակ պահել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, որը, սակայն, իրենց տակից փախչում է: Հայաստանի և Ադրբեջանի միջև անգլիացիների, Ադրբեջանի և Թուրքիայի մոդերատորությամբ անընդհատ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց հիմքում դրված է, այսպես կոչված, արևմտյան տարբերակը, որի հիմքում էլ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն են: Եվ որպեսզի հանրությունը այն լավ «մարսի», անունը դնում են «արևմտյան տարբերակ», ըստ որի՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, Արցախը փաստացի համարվում է Ադրբեջանի ներքին տարածք, Հայաստանն այնտեղ փորձում է ամրագրել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վերջին շրջանում սիրում ասել, «Լեռնային Ղարաբաղի հայության ինչ-որ իրավունքներ», «անվտանգության երաշխիքներ»: Ընդհանուր առմամբ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացը հենց նշվածի շուրջ է. այսինքն, գոնե ֆորմալ առումով ամրագրել «ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների» թեման և «անվտանգության երաշխիքները»»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Մինչդեռ Ռուբեն Վարդանյանը եկավ ու հայտարարեց, որ փաստացի համաձայն չէ Հայաստանի իշխանությունների՝ Արցախը հանձնելու, Արցախից ձեռքերը լվանալու քաղաքական գծի, ինչպես նաև Արցախը դեպի Ադրբեջանի կազմ մղելու գործընթացի հետ, որի հիմքում Արցախը, իբր, պետք է ինքնուրույն բանակցություններ վարի Ադրբեջանի հետ: Նա հայտարարեց, որ Արցախը պետք է լինի անկախ՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ավելին՝ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում քննադատեց ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս սահմանափակվում են զուտ, այսպես կոչված, սոցիալտնտեսական աջակցությամբ: Ակնհայտորեն Արցախում դիմադրության լուրջ օջախ էր ձևավորվում՝ ի դեմս արդեն նախկին պետնախարարի թիմի»,- ասաց նա:
Ընդգծելով նաև, որ Արցախում Ռուբեն Վարդանյանի վարկանիշը բավականին բարձրանում է՝ նա հավելեց. «Արցախցիները հոգնել են իրենց գործող՝ պարտություն կրած իշխանություններից, և Ռուբեն Վարդանյանի շուրջ բավականին լուրջ զանգվածներ են ձևավորվել: Հասկանալի է, որ սա ձեռք չի տալիս նախևառաջ ադրբեջանա-թուրքական տանդեմին, որը վիճակախաղ էր շահել՝ ի դեմս Փաշինյանի, և այս դեպքում բոլոր հարցերը հեշտությամբ լուծում է: Ադրբեջանաթուրքական տանդեմը հասկանում է, որ ինչքան Փաշինյանը մնա իշխանության, մնացած բոլոր հարցերը ևս լուծելու է: Այսինքն, Արցախից, Սյունիքից հետո էլ, օրինակ՝ Սևանա լճի շուրջ են փորձելու հարցեր լուծել: Ու հաշվի առնելով Ռ. Վարդանյանի գործոնը՝ հասկանում են նաև, որ պլանները խախտվում են: Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ ազդեցություն ունի նաև ռուսաստանյան շրջանակներում: Գիտակցում են նաև, որ արևմտյան առաջատար լրատվամիջոցները Ռ. Վարդանյանից հենց այնպես հարցազրույցներ չէին վերցնի վերջին ամիսներին, եթե նա իրենց համար խորթ լիներ: Այսինքն, հասկանում են, որ ազդեցիկ ֆիգուր է խաղի մեջ, ընդ որում՝ խաղացող՝ ոչ իրենց կողմից»:
Կարդացեք նաև
Քաղտեխնոլոգը վերոնշյալով է բացատրում այն, որ ադրբեջանցիները, որպես Բերձորի միջանցքի բացման նախապայման, առաջ էին քաշում Վարդանյանի հեռացման պահանջը: «Վերջին շրջանում դա ավելի ակնհայտ էր՝ հաշվի առնելով նաև Ալիևի մյունխենյան ճառը: Ընդհանուր առմամբ, Ռուբեն Վարդանյանն իսկապես արդեն դիսոնանս էր առաջացնում: Ի վերջո, պայման դրվեց, շանտաժ եղավ: Ամեն ինչ կապեցին իրար, իսկ Հայաստանի իշխանությունների՝ այստեղի խոսացող որոշակի «գլուխներ», ավելի շուտ՝ «անգլուխներ», որոնց ընդամենն ասում են, թե ինչ պետք է խոսել, նաև ասացին՝ «հո՞ Զանգեզուրի միջանցքը չենք տալու Ռուբեն Վարդանյանի դիմաց»: Ու քանի որ արդեն խոսք էին տվել, որ պետք է հանեն Ռուբեն Վարդանյանին, ուզում էին, որ նա ինքնակամ հրաժարական տա: Նա, ըստ էության, հրաժարական չտվեց՝ ուղղակիորեն հասկացնելով, որ իրեն հանելը քաղաքական գործողություն է իր վարած քաղաքական կուրսի դեմ: Իր վերջին ելույթում էլ ինքն, ըստ էության, դա էր հասկացնում՝ անկախ նրանից, թե ով ինչ հրաժեշտի տեքստ ասաց:
Բոլորը հասկացան, որ նա իր քաղաքական դիրքորոշման համար դրսի պահանջով հեռացվեց: Մեծ հաշվով՝ հակադրման երեք օջախ կա Ռուբեն Վարդանյանին. առաջինն արտաքին ուժերն էին՝ ադրբեջանաթուրքական տանդեմը, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունները, որոնք այս առումով ընդհանրապես որևէ տարաձայնություն չունեն Ադրբեջանի հետ: Երրորդը, իհարկե, Արցախի ներքին դաշտում որոշակի դիմադրություն կար: Վերջին երեք ամիսներին կային որոշակի խստացումներ, վերանայումներ: Կային որոշակի ուժեր, որոնք վախենում էին, որ իրականացվող ռևիզիան կարող է իրենց զրկել կառավարչական, ֆինանսական ազդեցության լծակներից: Այդ ուժերը ևս տարբեր տիպի ինտրիգների էին բավականին լրջորեն լծվել: Այս տեսանկյունից, մեծ հաշվով, կար տրիադա, որը աշխատում էր Ռուբեն Վարդանյանի դեմ, և տեսանք այն, ինչ եղավ»,- ասաց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում