Թե ինչ կտա Պետրակովը Հայաստանի հավաքականին, ինչ նվաճումների կտանի, կյանքը ցույց կտա: Բայց, կարծում ենք, Ալեքսանդր Պետրակովը ևս, որպես փորձառու մարզիչ, հասկանում է, որ շռայլություն է՝ ունենալ Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստ ու առնվազն գոնե չփորձել նրան վերադարձնել ազգային հավաքական: Վերջին հաշվով, կներեք, որքան էլ որ այժմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում կան մի շարք հայտնի հայազգի ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում ներգրավված են կամ ներգրավվել են հավաքական, մեր ամենահայտնի ու ամենափորձառու ֆուտբոլիստը մնում է Հենրիխ Մխիթարյանը: Այո, պետք է կարողանալ և՛ հարգել նրա՝ ավելի վաղ կայացրած որոշումը, բայց և փորձել համոզել, որ դա փոքր-ինչ վաղաժամ կայացված որոշում էր, որն արժե վերանայել: Կարծում ենք, որ ոչ մեկի «խանչալի քարը» չի ընկնի դրանից՝ ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ Հենրիխի: Վերջին հաշվով, Հենրիխ Մխիթարյանը, մեր կարծիքով, դեռ տալու բան ունի հավաքականին, ինչու ոչ՝ նաև անխուսափելի սերնդափոխության սահունությունն ապահովելու առումով, ինչպես նաև փորձի:
Այստեղ տեղին կլինի հիշել մեր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին, որ կարողացան հավաքականի համար անել ավելին, քան դա թույլ էր տալիս իրենց տարիքը: Հնարավոր է՝ մոտ ապագայում կարող է գալ այնպիսի ժամանակ, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքական վերադառնա գլխավոր մարզչի կարգավիճակով, եթե իհարկե, նա ցանկանա մարզչական կարիերա անել: Բայց մինչև այդ հեռու թվացող ժամանակները, հիմա, քանի դեռ Հենրիխ Մխիթարյանը խաղում է և բարձրակարգ խաղ է ցուցադրում, մեծ շռայլություն կլինի, եթե առնվազն փորձ չարվի նրան վերադարձնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական: Հարցը միայն առաջիկա ընտրական մրցաշարը չէ, ի վերջո: Այսօր համաշխարհային ֆուտբոլում մեր ամենից բարձր հնչող անունը հենց Հենոն է: Ու առնվազն տարակուսելի կթվա, եթե մեր ազգային հավաքականը ասպարեզ ելնի առանց Մխիթարյանի:
Սարգիս ՄԻՐԶՈՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում