Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւմ բաժին կհասնեն Կենտրոնի պատմամշակութային շենքերը. «Հրապարակ»

Փետրվար 25,2023 10:53

«Ակադեմիական քաղաքը» դեռեւս չսարքած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական խոշորամասշտաբ ծրագիրն է պատրաստվում իրականացնել՝ «արդարադատության թաղամաս» կառուցել։

Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ այս գաղափարի հիմնական նպատակը կենտրոնում գտնվող պատմամշակութային շենքերն ազատելն ու դրանք մասնավոր ընկերություններին տալն է, այսինքն՝ պատրաստվում են պատմամշակութային շինությունները վաճառել կամ վարձով տալ, դե՝ վարձակալներն ու գնորդներն էլ, բնականաբար, Փաշինյանի սիրելի օլիգարխները կլինեն։

Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ «արդարադատության թաղամաս» հիմա էլ կա։ «Արդարադատության թաղամաս ստեղծվել է, երբ ես նախարարությունում էի, եւ հիմա էլ առկա է․ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Նոտարական պալատ, Վճռաբեկ դատարան, դատախազության շենք․ այս բոլորը գտնվում են մի քառակուսի, 4 փողոցով շրջափակված հատվածում։ Եթե անունը դնում ենք «արդարադատության թաղամաս», ապա այն վաղուց այդտեղ գտնվում է։ Եթե մենք այն ուզում ենք տեղափոխել այլ տեղ, ապա դա ուրիշ խնդիր է, դա սիրուն անուններ հնարելու խնդիր չէ՝ «արդարադատության թաղամաս»։ Արդյոք կարիք կա՞ հսկա դատարան կառուցելու, թե՞ ոչ, պե՞տք է բոլորը մի տեղ տանել․ այս հարցերը կարելի է դիտարկել։ Իրականում Հայաստանում եւ Երեւանում հիմա դատարանների հագեցվածության խնդիր կա, որովհետեւ պլանավորվել էր, կառուցվել էին դատարաններ, բայց դատավորների թվի ավելացման անհրաժեշտություն կա։ Իմ կարծիքով՝ տրամաբանական է, որ դատարանների շենքերը մեծ, գիգանտ շենքեր չլինեն, այլ լինեն բազմաթիվ, ավելի փոքր շենքեր՝ հարմարեցված, ստանդարտներին համապատասխանող, որպեսզի այդ շենքերում խցանումներ չառաջանան, ամեն ինչ մի տեղ չլինի, նույն շենքում չհավաքվի։ Ես ժամանակին, որպես փոխնախարար, դիտարկել եմ Վրաստանի փորձը, վրացիներն իրենց այդ հանրային պալատներն էին կառուցում, ինչն առաջին հայացքից գեղեցիկ է, բայց դրա փոխարեն պետք էր ապակենտրոնացնել եւ համայնքներին փոխանցել այդ նույն լիազորությունները, որպեսզի այլ տեղերում մարդիկ իրենց ավելի մոտիկ ունենան այդ ծառայությունները։ Նույն ձեւով՝ երկրներ կան, որտեղ մեգադատարաններ կան, մի քանի դատարաններ միասին են, դա կարող է հարմար լինել որոշակի տեխնիկական խնդիրներ լուծելու համար, չնայած, եթե մենք կարողանանք միջին չափի, ստանդարտացված եւ ճարտարապետական լուծումներով դատարանի շենքեր կառուցել, կարծում եմ՝ դա ավելի նպատակահարմար կլինի»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանության ցանկացած ծրագիր իր մոտ անհանգստություն է առաջացնում․

«Մանրամասներին ծանոթ չեմ, բայց այս իշխանության որեւէ առաջարկ ինձ մոտ առաջին հերթին անհանգստություն է առաջացնում, հետո նոր սկսում եմ այն վերլուծել, որովհետեւ հայտարարվել էր, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», բայց մենք այսօր Արցախի հետ կապված խնդիր ունենք։ Խոսում էին կրթօջախներն Աշտարակ տեղափոխելու մասին, օրինակ՝ ԵՊՀ-ն Աշտարակ տանելու մասին, որից հետո անհայտ է, թե համալսարանն ինչ էին կոչելու․․․, այս տիպի գաղափարներ են։ Հիմա էլ՝ «արդարադատության թաղամաս» ստեղծելը․․․, ինձ թվում է, սա այս համակարգը՝ մեր ոլորտը քանդելու հերթական քայլն է լինելու։ Ծրագրին ծանոթ չեմ, բայց առնվազն վստահելի չէ, երբ իշխանությունն է դրա մասին խոսում»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728