Երբ մարդու օրգանիզմը թունավորված է, նրա մարմնի վրա կարող է ցան առաջանալ կամ չիբան: Այդ չիբաններին ողջ ուշադրությունն ուղղելը՝ առանց պարզելու, թե որն է այն թույնը, որով վարակվել է օրգանիզմը, նշանակում է պայքարել հետեւանքների, ոչ թե պատճառների դեմ: Կարելի է դիմափոշի քսել կամ նույնիսկ փոքրիկ վիրահատական միջամտություն անել, բայց հիվանդությունը դա չի բուժի: Որտեղի՞ց է հայտնվել Վլադիմիր Պուտինի նման ղեկավարը, որը տասնյակ հազարներով զոհում է այլ երկրի եւ իր սեփական քաղաքացիներին՝ վարելով անիմաստ պատերազմ, որը մեծ հաշվով Ռուսաստանին որեւէ դրական հեռանկար չի խոստանում: Եթե հարցին մոտենաս զուտ անհատի առանձնահատկությունների առումով՝ ոչինչ չես հասկանա:
Դուք կարո՞ղ եք ասել, որ աշխարհում ամեն ինչ լավ կլիներ, եթե 23 տարի առաջ Պուտինն իշխանության չգար եւ Վրաստանի, իսկ այնուհետեւ Ուկրաինայի վրա չհարձակվեր: Խիստ կասկածում եմ: Պատերազմներն ախտանիշ են բազմաթիվ այլ՝ ավելի խորքային երեւույթների: Եթե փորձենք շատ կարճ նկարագրել դրանցից ամենակարեւորը, ապա դա 1990-ականներից հետո ազատական նախագծի տապալումն է եւ գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզումը: Հենց դրա հետեւանքով են վերաթարմացվում «Երրորդ Հռոմի» եւ կայսրության «հողերը հավաքելու» խելահեղ գաղափարները:
Նման ձեւով նույն 90-ականներին պաշտոնական աթեիզմը «վերացնելուց» հետո սկսեցին զարգանալ ամենատարաշխարհիկ աղանդները: Թե ինչո՞ւ է աշխարհակարգի «ազատական» նախագիծը տապալվել, ես ունեմ իմ բացատրությունը, որը կապված է մի քանի դար առաջ թույլ տրված համակարգային սխալի հետ, բայց այդ խոսակցությունը մեզ շատ հեռուն կտանի:
Որտեղի՞ց են Հայաստանում իշխանության գլխին հայտնվել մարդիկ, որոնք, բացի ամբախ-զամբախ խոսելուց, որեւէ այլ՝ պետական կառավարման համար անհրաժեշտ շնորհքներով օժտված չեն: Դարձյալ՝ եթե կենտրոնանանք այդ մարդկանց առանձնահատկությունների վրա, ոչինչ չենք կարողանա բացատրել: Պետք է հասկանալ, որ դա հասարակության ներքին հիվանդության դրսեւորումն է: Այդ հիվանդության անունն է անհավատություն, նիհիլիզմ, ցինիզմ: Եվ պատճառն էլ է պարզ՝ դարձյալ նախագծի տապալումը, այս դեպքում՝ ազգայնական: Երբ իշխանավորները խոսում էին «հանուն հայրենի հողի զոհողությունների», բայց իրենք անձամբ ոչ մի զոհողության պատրաստ չէին, հակառակը՝ իրենց ամբարտավան էին պահում եւ շվայտ կյանքով էին ապրում, ապա հակազդեցությունը՝ «ցանը» կամ «չիբանը» անխուսափելի է:
Կարդացեք նաև
Կարծեմ, Տոլստոյն է ասել, որ ցանկացած համոզմունք, ցանկացած գաղափար արժե ուղիղ այնքան, որքան մարդը պատրաստ է հանուն դրա գնալ զոհողության: Ինչի՞ է ընդունակ մարդը՝ հանուն գաղափարի՝ մեկ օր չճաշե՞լ, դուրս գալ հանրահավաքի՞, բա՞նտ նստել, զոհվե՞լ: Հենց դրանով էլ պայմանավորված է ոչ միայն գաղափարի արժեքը, այլեւ դրա կենսունակությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«…Եվ պատճառն էլ է պարզ՝ դարձյալ նախագծի տապալումը, այս դեպքում՝ ազգայնական…»:
Կարելի է համաձայնել, որ գլխավոր պատճառներից մեկն էլ սա է: Սակայն սա այդքան պարզ չէ, որքան Դուք եք ներկայացնում: Համաձայն եմ, որ նախորդների ամբարտավանությունն ու ագահությունը եղան հասարակության ատելության պատճառը: Ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե ինչպես ինքը՝ մտավորականությունը, որը պիտի ձևավորեր հասարակության ընկալունակ մասի մտայնությունը, չկարողացավ վեր կանգնել այդ նույն ատելությունից ու իր դիրքորոշումը մեծապես կառուցեց դրա վրա: Ձեր հանդեպ տածածս ողջ հարգանքով հանդերձ, թույլ տվեք հարցնել. ժամանակին Դուք ի՞նչ ելք էիք տեսնում «Ելքի» մեջ (https://www.aravot.am/2018/04/18/950217/): Հազարավոր ընթերցողների լսարան ունեցող մտավորականի Ձեր բնազդն ու բազմամյա փորձը Ձեզ չէ՞ր հուշում արդյոք, որ այդ «Ելքը» ելք լինել չէր կարող, նույնիսկ եթե հաշվի առնեին այդ ու այդ շջանի այլ հոդվածներում արձանագրած Ձեր բոլոր դիտարկում-վերապահումները: Որ երտասարդներին բոցավառելու ու համախմբելու Փաշինյանի «ունակությունը» դառնալու էր նրանցից հազարավորների մահվան պատճառ: Որ ո՛չ Մարուքյանի, ո՛չ Արամ Սարգսյանի, ու ո՛չ էլ այդ թիմում որևէ մեկի մտավոր կարողությունը կամ մարդկային հատկանիշներն ի վիճակի չէին լինելու կասեցնելու մեր վզին փաթաթած ու իրենց առաջնորդի ձեռքով իրականացվող սատանայական գործընթացը: Ձեզ դիմելով մտքումս ունեմ իմ բազմաթիվ ընկեր բարեկամներին, որոնք, ի տարբերություն Ձեզ, այսքանից հետո էլ դեռ համոզված են, որ «ելքը Ելքն է»:
Շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ իմ հրապարակումներին հետեւելու համար: Բնականաբար, ամեն մի ժամանակահատված ի՛ր մարտահրավերներն ունի եւ ի՛ր լուծումներն է պահանջում:
Յարգելի Սարգիս,
Խնդրեմ թոյլ տաս որ ասեմ, դիտողութեանդ որպէս հիմնաւորում, լաւ չես ընտրած, այդ խմբագրականը:
Արդարեւ, այդ օրերուն, իմ կարդացած բիւրաւոր այլ յօդուածներուն մէջ, այս մէկը միակն էր, որ կը ջանար «ջերմաստիճանը նուազեցնել»…
Այդտեղ ըսուածը այն է որ՝ Էդմոն, Արամ, ձեր այդ խենթը հանդարտեցուցէք: Լուրջ եւ բովանդակալիս բան մը ջանացէք կատարել, իր սկսած այդ անսպասելի շարժումի միջոցաւ: Վերադարձէք «Ելք»ի խորհրդարանային առաքելութեան, ու զայն առաջ տարէք, շնորհիւ այս նոր ու զօրեղ թափին որ ստացաք փողոցից:
Աւելցնեմ նաեւ որ, պետական յեղաշրջումէն ետք, եթէ այս խմբագիրը պողոսութիւն ընէր, հաւանական է որ պիտի նախընտրէին իրեն տալ Պետրոսին պաշտօնը, Հ1ում: Ի միջի այլ բարիքներու, անձնական շահի, որ կրնար ստանալ այս վարչակարգէն:
Նաեւ, ի տարբերութիւն որքա՜ն ուրիշների, այս երաժշտագէտին տառապանքը իսկական ու հարազատ է, շատ յայտնի է, տեղի ունեցած Աղէտի կապակցութեամբ:
Սրանք են պատճառները, որ ես տակաւին այս սիւնակը կ’այցելեմ:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Քո յիշատակած այդ խմբագրականին ներքոյ, «Հ.Շ.»-ն, ես էի անշուշտ… ահաւոր հոսանքին դէմ… ձայն բարբառոյ…
Հարգելի Հայդուկ, ասածս փորձ է` պատասխանելու պարոն Աբրահանյանի հարցին, թե որտեղի՞ց Հայաստանում իշխանության գլուխ հայտնվեցին ապաշնորհ մարդիկ: Փաշինյսնի իշխանության գալուն նպաստեց նաև մտավորականների կույր ատելությունը նախկինների նկատմամբ: Իմ ու Ձեր նշած զգաստության կռչերը ոչ մի օգուտ չէին տալու: Ինձ նաև անհասկանալի է պարոն Աբրահամյանի` վերևի պատասխանը: Ստացվում է, որ այդ պահի լուծումն, ամեն դեպքում, Ելքն էր: Հիշեցրեց Նաիրիտը բացել-փակելու հիմնավորումը:
ամէն մէկուս կոչերը, իր շրջանակներուն մէջ, որոշ ազդեցութիւն մը կ’ունենան. բայց այս պարագային, այո, խնդիրը հիմնականօրէն Հայաստանի մէջ էր, եւ այդտեղ գոնէ ես չունին այդպիսի ազդեցութիւն. ոչ իսկ իմ շրջանակներուս վերաբերող, հայաստանեան մօտաւոր տարբերակին մէջ.
իսկ այն ինչ կը վերաբերի Հայաստանի մտաւորականութեան, ու նաեւ Մամուլին, տեղի ունեցած Աղէտի կապակցութեամբ իրենց պատասխանատւութեան բաժինը կայ, անկասկած, սակայն անկէ շատ առաջ կու գան քաղաքական գործիչներու ահաւոր թերացումները, որոնց պատճառով է որ այդ դժոխածին վարչակարգը կարողացաւ գոյանալ. ու դեռ կը գոյատեւէ.
վերջին հաշուով, ինչպէս որ ես եւ ուրիշ մատեր, Հայաստանի Մամուլն ալ հաւանաբար կը կարծէր թէ նախկին վարչակարգը բաւարար զօրեղ էր, որպէսզի թոյլ չտար՝ տեղի ունեցածը. եւ այդ հիման վրայ, սոյն Մամուլը հարկաւոր չէր զգար ինքնազսպում կատարել. մինչ, Մամուլին համար կենսական է որոշ չափով ժողովրդահաճոյ լինելը. ոչ միայն Հայաստանի մէջ:
Եթե ուզում եք հասկանալ Ռուսական և արևմտյան մոտեցումները կյանքին,պետք է ուսումնասիրել նրանց գրականությունը։
Ռուսական և հայկական մտածելակերպ՝
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։
Արևմտյան մտածելակերպ։
Թույլի ու հալածվածի մեղավոր լինելու հանգամանքը նույնիսկ չի քննարկվում,միշտ պետք է սատար կանգնել զոհին։
Ռուսական և հայկական մտածելակերպ՝
Արդարության համար պայքարել չարժե,ավելի լավ է համակերպվել անարդարության հետ և հնարավորության դեպքում նույնպես լինել անարդար։
Եվրոպական մտածելակերպ՝
Արդարություն երաշխավորելը՝ դա մեծագույն արժեք է, որը ճղճկմներին հասու չէ։
Հայկական և ռուսական մտածելակերպ՝
Պատերազմ ուղարկել գյուղացի Համբոյին, քաչալ շանը և հիմար կկվին, իսկ Բազազ Արտեմը, գող փիսոն և չար աղվեսը կստանձնեն բանակը թալանելու գործընթացը։
Եվրոպական մտածելակերպ՝
Պատերազմի առաջին շարքում կլինեն ամենաուժեղները, երկրորդ շարքում՝ ուժեղները, երրորդ շարքում՝ իրենց ուժեղ համարողները, իսկ գյուղացի Համբոն,հիմար կկուն և քաչալ շունը պատերազմին կհետևեն հեռուստացույցով։ Բազազ Արտեմն ու չար աղվեսը դատապարտված են ցմահ ազատազրկման և չեն կարող ոչ մի կերպ մասնակից լինել,իսկ գող փիսոն՝ հետախուզման մեջ է։
Ազգային նախագիծ, չկար: Երբեք չկար: Ամենասկիզբէն սկսեալ, ալ ուր մնաց՝ անկէ ետք:
Լրիւ պարզաբանումը՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0gWzQRwA8pmhcc4hj99JeRhyTVBJub1SLACYogbi8qoHKUV4bUPhRaGckBUGGuGkil&id=100063953917374