Արման Բաբաջանյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2022 թվականի հոկտեմբերի 25-ին: Այս տարվա փետրվարի 14-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ կարճել է այս գործը, եզրահանգելով, որ հարցադրումները ենթակա չեն ՍԴ-ում քննվելու:
ԱԺ պատգամավորը՝ դիմողը, վկայակոչել էր թիվ ԵԴ/14973/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, հղում կատարել Սահմանադրության 1, 3, 61, 75, 79 եւ 81-րդ հոդվածները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող դրույթները, պնդել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով ամրագրված նորմերից հետեւում է, որ զրպարտության եւ վիրավորանքի գործերով հիմնական պահանջը խնդրո առարկա հրապարակումը/արտահայտությունները զրպարտություն կամ վիրավորանք ճանաչելու վերաբերյալ դատարանին հասցեագրված խնդրանքն է, իսկ քննարկման առարկա հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջոցները հիմնական պահանջը բավարարվելու պարագայում համարվում են ածանցյալ պահանջներ: Դիմողը նշել էր. «Բողոք բերողն իրավունք ունի որոշելու, թե դատական ակտն ինչ ծավալով է բողոքարկում եւ իր համար դատավարական իրավունքներն ու պարտականությունները համապատասխանաբար առաջանում են բողոքի ծավալին համապատասխան»:
Նա խնդրել է. «… որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խնդրո առարկա դրույթների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի, նույն հոդվածի 8-րդ մասի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դրամական պահանջի մասով» դրույթի, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության եւ/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Ըստ ՍԴ-ի՝ «Տվյալ դեպքում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը խախտված իրավունքների վերականգնման միջոց է: Ուստի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջոցները կիրառելու պահանջները ինքնուրույն պահանջներ են՝ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու հարցում»: Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դիմողը չի ներկայացրել որեւէ հիմնավորում առ այն, թե պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման միջոցների կիրառումն ինչո՞ւ պետք է դիտարկվի որպես ածանցյալ պահանջ, ըստ այդմ՝ դրա ինքնուրույն պահանջ հանդիսանալը (իրավունքի պաշտպանության մեխանիզմի տարրերի ամբողջության համատեքստում) ինչպե՞ս է հանգեցնելու Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2023