Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության նիստում քննարկվել է հարցը, վարչապետի կողմից տրվել՝ հանձնարարական»

Փետրվար 25,2023 13:30

Նորաստեղծ մշակութային ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը՝ իրենց խնդիրների մասին

Հայկական լեգենդներն ու ասքերը, երգերն ու պարերը՝ ազգի հնչեղ այդ տարեգրությունը, արտահայտում է նրա անցյալը, ներկան, երազանքներն ու ձգտումները, իմաստությունը։ Հայաստանի ժողովրդական երաժշտության եւ պարի պետական կոլեկտիվները տասնամյակներ շարունակ նաեւ այլազգի հանդիսատեսին են ներկայացրել մեր ժողովրդի հարուստ անցյալն ու ներկան։ Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովրդական արվեստը պրոպագանդող կոլեկտիվների համար արդյոք ստեղծվա՞ծ են աշխատելու, արարելու բարենպաստ պայմաններ։

2022թ. դեկտեմբերին կազմավորվեց «Հայաստանի պարի եւ ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ միավորելով Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի, Պարի պետական, «Բարեկամություն» անսամբլները։ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Սարգսյանը, որն «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հայտնեց, թե շուտով ցանկը կհամալրվի, կմիանան նաեւ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական նվագախումբը եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական անսամբլը։ Համաձայն լինելով դիտարկմանը, թե ցանկալի արդյունք ստանալու համար առաջին հերթին պետք է կոլեկտիվների համար ստեղծվեն աշխատանքային գոնե բավարար պայմաններ, իսկ մեր պետական կոլեկտիվներից շատերը, թեկուզ հենց ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ի կազմում գործող 65-ամյա Պարի պետականը, 85-ամյա երգի-պարի անսամբլը, 36-ամյա «Բարեկամությունը» տասնամյակներ շարունակ տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում, օրինակ՝ Պարի պետականը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Բարեկամությունը»՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նկուղային հարկում, Երգի-պարի անսամբլը՝ Երգչախմբային ընկերության շենքում, որտեղ նույնիսկ տարրական պայմաններ չկան նորմալ աշխատանքի համար, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Խնդիրները իսկապես բազմաթիվ են եւ հենց դրանց կարգավորման նպատակով եւ լիարժեք գործունեություն ծավալելու համար է ստեղծվել ՊՈԱԿ-ը։ Միավորումը միաժամանակ կնպաստի հայկական երաժշտարվեստի եւ պարարվեստի ժանրում միասնական քաղաքականության ձեւավորմանը։ ՊՈԱԿ-ում գործելու է ադմինիստրատիվ ու տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որն ապահովելու է բոլոր ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կարգավորելու է դրանց տոմսային տնտեսությունը, զբաղվելու է կազմակերպության գովազդա-տեղեկատվական գործունեությամբ, որոնց բացակայությունը խոչընդոտում է կոլեկտիվների արդյունավետ աշխատանքին։ Մեր կենտրոնի գործունեությանը կներգրավվեն նաեւ պրոդյուսերներ, դերձակներ, ոճաբան, նկարիչ-դիզայներ, որոնք կզբաղվեն հատկապես պարային կոլեկտիվների ստիլիստիկայի գրագետ մշակման հարցերով, ինչի պակասն այսօր առկա է։ Կհրավիրվեն նաեւ բեմադրիչներ՝ պարային համարների բարձրարվեստ իրականացման համար»։ Հավելեց նաեւ, որ կարեւորում են կազմակերպության գրագետ մարքեթինգը, ինչը կնպաստի անհրաժեշտ կապերի հաստատմանը, արտիստների գովազդին, նախատեսվում է համագործակցություն հեռուստաընկերությունների հետ. «Կիրականացնենք հայկական ժողովրդական երաժշտարվեստի եւ պարարվեստի բարձրաճաշակ պրոպագանդա, ինչին էլ, ըստ էության, ուղղված է լինելու ՊՈԱԿ-ի գործունեությունը»։

Հետաքրքրությանը՝ ե՞րբ կլուծվի կոլեկտիվների ամենամեծ խնդիրը՝ տարածքի հարցը, Արմեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Օրերս կառավարության նիստում քննարկվել է այդ հարցը եւ վարչապետի կողմից տրվել է հանձնարարական»։

Շուրջ քառորդ դար է՝ «Առավոտը» տարբեր առիթներով բարձրաձայնում է պարողների, բալետի արտիստների՝ կենսաթոշակի անցնելու տարիքը իջեցնելու անհրաժեշտության մասին։ Տնօրենի պաշտոնակատարի պատասխանն այս հարցին նույնպես հակիրճ էր. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողովի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել օրենքում այդ բացը լրացնելու ուղղությամբ»։

Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը նշեց, որ պարային կոլեկտիվներում հունվարին անցկացվել է ատեստավորում՝ ոլորտի ճանաչված դեմքերի մասնակցությամբ՝ Հովհաննես Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Գագիկ Կարապետյան, հանձնաժողովի նախագահ, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728