Լրահոս
Օրվա լրահոսը

Yamaha պրոֆեսիոնալ մոդելի կլարնետ` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողին

Փետրվար 25,2023 13:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Փողային եւ հարվածային գործիքների ամբիոնի առաջին կուրսի կլարնետահար Էդուարդ Խորոզյանը (ղեկավար՝ դասախոս Հրազդան Սարգսյան) «Yamaha Scholarship Program 2022-23»-ի առաջին մրցանակակիրն է եւ արժանացել է կրթաթոշակի գլխավոր մրցանակին՝ Yamaha պրոֆեսիոնալ մոդելի կլարնետին։

Այս ծրագրի նպատակն է օգնել կոնկրետ տարածաշրջանի երաժշտական մշակույթին՝ աջակցելով երիտասարդ երաժիշտներին իրենց ստեղծագործական ներուժի իրացման եւ երաժշտական կարիերայի հեռանկարների զարգացման գործում: 2022 թվականի սեպտեմբերից մեկնարկած «Yamaha Scholarship Program 2022-23»-ին հայտ ներկայացրած մասնակիցները ուղարկել էին իրենց կատարումների ձայնագրությունները, հունվարի 23-ին հայտարարվեցին առաջին լսումի արդյունքները, իսկ փետրվարի 12-ին Դուբայում կայացավ վերջնական կենդանի կատարմամբ փուլը։ Էդուարդ Խորոզյանի համար առաջնայինը լավ գործիք ունենալու երազանքն իրականացնելն ու հաղթանակի վրա կենտրոնանալն էր։ Ի վերջո, 80 մասնակիցներից վեցը արժանացավ գործիքների, բայց բոլորից բարձրը, նկատելին ու տարբերվողը Էդուարդ Խարոզյանի նվագն էր, ինչի մասին նշեց հանձնաժողովի նախագահը՝ իտալացի վարպետ կլարնետահար Ռիկարդո Կրոչիլան։

Էդուարդ Խորոզյանի մասնակցած նախորդ մրցույթները կայացել են աշխարհի տարբեր երկրներում՝ ունենալով լավագույն արդյունքներ, դրանցից են «Sava Dimitrov» կլարնետահարների միջազգային մրցույթի (Բուլղարիա, 2023թ.) 3-րդ մրցանակը, Լուգանոյի 1-ին միջազգային երաժշտական մրցույթի (Շվեյցարիա, 2022թ.) 1-ին մրցանակը, «Nouvelles ռtoiles» երիտասարդ տաղանդավոր երաժիշտների միջազգային մրցույթի (Ֆրանսիա, 2022թ.) 1-ին մրցանակը, «Հարմոնիա» մրցույթի (Ռուսաստան, 2021 թ.) հաղթանակը, «Jeunes talents en musique Classique» միջազգային մրցույթի (Ֆրանսիա, 2021թ.) Մեծ մրցանակը եւ այլն։ Երիտասարդ երաժշտի բեմական կյանքի համար կարեւոր է մինչ օրս լինել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնիկը (ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) եւ այս տարի նույնպես կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերին՝ միանալով ծրագրի մյուս շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներին։

Էդուարդ Խորոզյանի կյանքում կոնսերվատորիայի էջը մի քանի ամսվա պատմություն ունի. սկսվել է 2022 թվականի ընդունելության քննություններին փայլուն արդյունքներով, միակը՝ գերազանց գնահատականներով եւ շարունակվում է ջանասեր ուսումնառությամբ։ Կլարնետի մասնագիտացումն անցնում է իր ղեկավարի՝ Հրազդան Սարգսյանի դասարանում, որտեղ գործում է արվեստի ու տեխնիկայի եզրերը համահավաք մարմնավորող սկզբունքը։ Էդուարդ Խորոզյանի համար այսպիսի մոտեցումը հարազատ է դեռ մանկությունից, երբ հայրիկի՝ իր առաջին ուսուցչի, Ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կլարնետահարների կոնցերտմայստեր, բազմավաստակ մանկավարժ Սուրեն Խորոզյանի դասերն էր ստանում՝ սկսվելով Ղազարոս Սարյանի անվան Արվեստի դպրոցում, ապա՝ Պ. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում։ Փորձառու եւ գթասիրտ ծնողի ներկայությունը մեր մրցանակակրի համար կրկնակի չափաբաժին ունի. բեմում նրա կլարնետը միշտ հնչում է մայրիկի՝ դաշնակահար Լուսինե Դիոնեսյանի նվագակցությամբ, այս անսամբլում առավել ցայտուն է դառնում Էդուարդի եզակի ազնվափայլությամբ տարբերվող  խառնվածքը։

Ուշադիր նայեք Էդուարդ Խորոզյանին, եթե ուզում եք տեսնել առանձնահատուկ գորովանքով իր ճանապարհը, մասնագիտությունն ընտրած երիտասարդի, իսկ ի՜նչ ժպտուն աչքերով է արտահայտվում կլարնետահարների համար կոնցերտային ժանրի հիմնադիր, միշտ ջահել ու ազատ շնչառության հմայք ունեցող Կառլ Մարիա ֆոն Վեբերի մասին, ում գործերը մեծ հաճույքով է նվագում։ Այս հեղինակի Կոնցերտինոն էր ներկայացրել «Yamaha Scholarship Program 2022-23»-ի մրցույթի առաջին՝ ձայնագրությունների փուլում եւ այդպես սկսվեց 2023 թվականի առաջին հաղթանակը։ Էդուարդի պարգեւը՝ YAMAHA բարձրակարգ որակի կլարնետը դեռ տանն է հնչում, քանի դեռ գործիքը նոր է, այն չի կարելի տեւական շահագործել։ Առաջին երկու շաբաթների ընթացքում թույլատրելի է նվագել օրական 20-30 րոպե։

Էդուարդ Խորոզյանի եւ Փողային-հարվածային գործիքների ամբիոնի նոր հաջողություններն առջեւում են։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

հանրային կապերի բաժին

«Առավոտ» օրաթերթ
24.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728