Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի բեմում Հայկ Սեկոյանի պիեսի հիման վրա բեմադրված «Դու կարող ես» մանկական ինտերակտիվ ներկայացումն է` կարեւոր ուղերձներով։ Բեմադրիչը Վահագն Գասպարյանն է։ Վերջինս նշեց, որ ներկայացման մեջ խոսվում է ընկերասիրության մասին, ինչպես նաեւ շեշտադրվում է այն միտքը, որ երեխաները, եթե ունեն առողջական խնդիրներ, միեւնույն է` ունեն հավասար իրավունքներ։
Ներկայացման մեջ Վախի դերակատար Հարություն Բեգ-Վանյանն ասաց, որ շատ է կարեւորում նման ներկայացումները, որովհետեւ դրա անմիջական հասցեատերը վաղվա քաղաքակիրթ հանրության մաս կազմող երեխաներն են։
«Երբ երեխան ներկայացմանը մասնակից է դառնում` հաստատ մի բան իր մեջ փոխվում է։ Պիտի կրթես, ներկայացնես, որպեսզի նրանք տարանջատեն կարեւորն անկարեւորից, կյանքի փորձություններին որոշ չափով պատրաստ լինեն դիմակայելու, իրենց մեջ ունենան ամուր եւ բանիմաց մարդուն»,- ասաց Հարություն Բեգ-Վանյանը։ Նրա խոսքով. «Պետք է մեր գիտակցության մեջ արմատավորվի, որ թատրոն-փոքրիկ հանդիսատես կապը շատ կարեւոր է, չէ՞ որ արվեստը գրագետ ու ինտելեկտուալ հասարակություն ձեւավորող գործոններից առաջնայինն է»։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2023