Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մրցավար մնալու hամառ պայքար

Փետրվար 25,2023 12:00

Մոսկվայի պատասխանատվության ներքո գտնվող հարցերում ինչո՞ւ չեն լուծում ստանում խնդիրները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի իշխանությունների հետ:

ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը 2022թ. փետրվարի 22-ին Մոսկվայում կնքեցին երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր: Պաշտոնական Մոսկվան շեշտում է, որ այդ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում կայունության ապահովման համար: Ակնկալվում է, որ հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացվելու:

Մոսկվան շարունակում է անդադար հայտարարել, որ պատրաստ է Երեւանին ու Բաքվին աջակցել` «խաղաղության պայմանագրի չափորոշիչների մշակման գործում»: Օրերս այս դիրքորոշումը հնչել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կողմից: «Ռուսաստանը ձեռնարկում է նպատակաուղղված ջանքեր Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Դրանց հիմքում 2020-2022թ.թ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը նախատեսում է մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում երկու երկրների միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով կապերի զարգացում: Հետեւողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը: Նրա խոսքով՝ այդ քայլերը համատեղ «պետք է ստեղծեն ամուր, կայուն եւ արդար խաղաղություն տարածաշրջանում, որի արտացոլումը կլինի խաղաղության պայմանագիրը»: «Մեր միջնորդությունը նրանում է, որպեսզի ապահովենք կառուցողական եւ բովանդակալից երկխոսություն՝ փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծում փնտրելու համար, որը հաշվի կառնի երկու կողմերի շահերը: Այդ նպատակով ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաեւը իրականացնում է պարբերական այցեր Երեւան եւ Բաքու: Մենք նաեւ գործընկերներին ենք փոխանցել Ռուսաստանի պատկերացումները հիմնարար սկզբունքների եւ խաղաղության պայմանագրի չափորոշիչների վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»,- ասել է Գալուզինը:

Որքան էլ լարված լինի իրավիճակը, այդ պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը անարդյունավետ է, օրերս նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա եւս հավաստիացրել է՝ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին: Ավելին, Զախարովան ապակառուցողական է համարել «Լաչինի միջանցքի ճգնաժամի պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը»: «Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցային գործընթացը սառեցնելը հակաարդյունավետ է: Նման բաներին հղում տալը հեռացնում է ամբողջ Հարավային Կովկասում ամուր խաղաղություն եւ կայունություն հաստատելու հեռանկարները»,- ասել է Զախարովան: Ապա, նա հավելել է. «Մենք կոչ ենք անում Բաքվի ու Երեւանի մեր գործընկերներին շուտափույթ կերպով վերականգնել ռիթմիկ համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով: Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով երեք փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի եւ հայ-ադրբեջանական սահմանի հարցերով հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների նոր փուլի կազմակերպման աշխատանքներին»,- ասել է նա:

Հետաքրքրական է, որ կողմերի միջեւ բանակցությունների կազմակերպման մասին նույն օրը խոսեց նաեւ Վաշինգտոնը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նրա խոսքով՝ Մյունխենում պետքարտուղարի կողմից արձանագրված հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը արտացոլում է այն, ինչին իրենք ականատես են եղել վերջին մի քանի ամիսներին: «Դա եղել է կողմերի միջեւ ներգրավվածության արդյունքում: Դա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմանի ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության, ինչպես նաեւ այն աշխատանքի արդյունքում, որը տարել է ԵՄ-ն իր դիվանագիտությամբ, եւ այն, ինչ մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին հանդիպեն Բրյուսելում ԵՄ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը»,- ասել է Փրայսը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցություն ցուցաբերել այս երկխոսությանը:

Ակնհայտ է, որ Մոսկվան շտապում է, ձգտում է կողմերի միջեւ նոր հանդիպում կազմակերպել, որպեսզի հիմնական մրցավարի իր դերը չկորցնի: Ռուսական ջանքերը ժամանակ առ ժամանակ ուղղորդվում են սպառնալիքներով համեմված ակնարկներով: Օրերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց էր ունեցել Եվրամիության` Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով հանձնակատար Տոյվո Կլաարի հետ: Ինչպես հաղորդել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն, զրույցը տեղի էր ունեցել ԵՄ նախաձեռնությամբ: Ի թիվս այլ հարցերի` կողմերն անդրադարձել էին հայ-ադրբեջանական կարգավորման հարցին, եւ Գալուզինը նշել էլ, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության տեղակայումն ունի ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը չի նպաստում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը: Ընդգծվել էր նաեւ, թե այդ հարցում չկա համաձայնություն Բաքվի ու Երեւանի միջեւ:

Մոսկվան արդեն հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Փետրվարի 20-ին համապատասխան առաքելության աշխատանքի մեկնարկի հետ կապված նման մեկնաբանություն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով. «Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ արձանագրում ենք Եվրամիության եւ ամբողջ Արեւմուտքի ցանկությունը՝ որեւէ կերպ ոտք դնել մեր դաշնակից Հայաստանում, եւ այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական աստառ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ նրա պատմական դերը՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավոր, թուլացնելու համար: Բաքվի՝ այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է դիվանագետը: .

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները մնում են Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հիմնական գործոնը։ «Դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի հաստատումը, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենաուղիղ ճանապարհն է։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- նշել է Զախարովան։

Զախարովան անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշելով` եթե կա մեկը, որը խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա դա արեւմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահները մտացածին պատճառներով դադարեցրին գործակցությունն իրենց ռուս գործընկերոջ հետ: «Դրան այդպես էլ հստակ բացատրություն չհետեւեց: Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք Երեւանին ու Բաքվին եռակողմ ձեւաչափերով աջակցություն ցուցաբերելու վրա՝ շեշտը դնելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների համալիրի վրա, որի մասին բազմիցս խոսել եւ բացատրել ենք»,- ասել է Զախարովան:

Ռուսական մեղադրանքների շարանը բավական ընդգրկուն է: Մոսկվայից, սակայն, այդպես էլ չի հնչում ռուսական կողմի պարտավորությունների, երաշխիքների մասին որեւէ արձանագրում: Չի նշվում Մոսկվայի պատասխանատվության ներքո գտնվող հարցերում ինչո՞ւ չեն լուծում ստանում խնդիրները: Չէ՞ որ ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին փաստաթղթի տակ ՌԴ-ի ստորագրությունն է, որն էլ ստանձնել է որոշակի պարտավորություններ, սակայն որոնք չեն իրականացվում, կամ, որոնց իրագործումն անհնարին է դարձել: Հետեւաբար` ինչո՞ւ չեն կատարվում այդ փաստաթղթի պահանջները:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որքան էլ շարունակի մեղադրել Արեւմուտքին, մասնավորապես` ԱՄՆ-ին, արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո Մոսկվան ԼՂ խնդիրը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարցերը տեղափոխել են Անկարայի ու Բաքվի հետ քննարկումների դաշտ, եւ ըստ էության ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն արդեն իսկ արգելափակվել էր դեռ մինչեւ անցյալ տարվա փետրվարը: Բայց նույնիսկ դրանից հետո ամերիկյան կողմը երկու անգամ հայտարարել է, որ հանուն ԼՂ-ի` պատրաստ են նստել, բանակցել Մոսկվայի հետ: Այս կարեւոր դրվագը, սակայն ամիսներ շարունակ Մոսկվան «չի նկատում»:

Ավելին, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ֆրանսիայից բազմաթիվ անգամներ վերջին ամիսներին հնչել են հավաստիացումներ, որ պատրաստ են աշխատել կողմերի հետ թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի շրջանակներում եւ վստահեցրել են, որ պատրաստ են այդ ձեւաչափի շրջանակներում նաեւ նպաստել Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատմանը: Ավելին, Եվրախորհրդարանը անցյալ տարվա փետրվարին արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը:

Բայց ի՞նչ ունենք արդյունքում. Ալիեւն ասում է` Ղարաբաղի խնդիրը լուծված է, հետեւաբար, ըստ նրա` ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն անիմաստ է, նա նրանց վաղուց է «թոշակի ուղարկել», իսկ Մոսկվան ամեն գնով փորձում է ապացուցել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն արգելափակել է Արեւմուտքը մեկ տարի առաջ, առանց պարզաբանելու, թե դրանից առաջ ո՞ւմ մեղքով չէր գործում այդ ձեւաչափը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728