Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանում չկա արխիվը, դատական դեպարտամենտում չկա, արդարադատության նախարարությունում չկա»

Փետրվար 25,2023 14:30

Վանաձորցի Գայանե Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր կառույցների էջերում բարձրաձայնում է մի խնդրի մասին, որին անհետեւանք թողնելը, մեղմ ասած, վատ աշխատաոճի հետեւանք է: Նա աշխատել է Կիրովականի դատարանում (ներկայումս՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան): Կենսաթոշակային տարիքը լրանալու, կենսաթոշակի անցնելու համար նրան անհրաժեշտ է եղել տեղեկանք, սակայն չի կարողանում ստանալ, քանի որ, ուշադրություն, դատարանի արխիվը չկա: «Բա լավ, ո՞ւր կորավ դատարանի արխիվը, արդարադատության նախարարությունից այսօր մեզ հետ հեռախոսազրույցում կասկած հայտնեցին, թե հնարավոր է՝ ոչնչացվել է արխիվը: Փաստորեն, հենց հերթը հասավ իմ թոշակի գնալուն՝ արխիվն էլ ոչնչացավ. մյուսները թոշակի գնալիս տեղը-տեղին տվյալներ են ստացել»,- ասում է Գայանեն:

«Օրեր շարունակ ընկած փնտրում են, թե Կիրովականի դատարանի արխիվը որտեղ է: Գրքույկիս մեջ առկա ստաժը բավարար չէ. սովետական տարիների ժամանակահատվածը՝ մինչեւ 1992 թիվը, հաշվել են, 1992-ից հետոն չեն հաշվել։ Դատարանում չկա արխիվը, դատական դեպարտամենտում չկա, արդարադատության նախարարությունում չկա, Ազգային արխիվում էլ, չգիտեմ, կա՞, թե՞ չկա: Եթե մարզային արխիվում չկա… այնտեղ միայն դատարանների վճիռներն են»,-ասում է Գայանեն։

Նա իր ՖԲ գրառումներից մեկում անդրադարձել էր մի խնդրի նույնպես. «Ինչու է Ազգային արխիվը կոչվում «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ»: Հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ պահանջվում է կանխավճար, եթե անգամ մարդն իր ստաժի մասին հարցում է անում»:

Ըստ նրա, եթե Ազգային արխիվը կոչվում է ՊՈԱԿ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ի՞նչ հիմքով է քաղաքացիներից գումար պահանջում՝ տեղեկատվություն տալու համար. ընդ որում՝ նաեւ այն քաղաքացիներից, ովքեր սեփական աշխատանքային ստաժի մասին տեղեկություն են ցանկանում ստանալ։ Ասել է թե՝ դա նրանց անձնական տվյալն է, վերաբերելի միայն հարցումն անողին, դիմումատուին:

«Ազգային արխիվը հայտնել է, որ իրենց մոտ հարցումները վճարովի են եւ սկսվում են… 1000 դրամ կանխավճարից։ Սա առնվազն խայտառակություն է. ուրեմն ես պետք է կանխավճար մուծեմ, չիմանալով անգամ, թե արխիվում են գտնվում իմ ստաժի վերաբերյալ տվյալները։ Ես սա համարում եմ իմ դեմ դիվերսիա՝ ի պատասխան իմ ընդդիմադիր կեցվածքի: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կոնկրետ ստաժի ու տարիների գողություն կամ ուրացում. մի ամբողջ 5 տարի որոշել են «ուտել» իմ ստաժից»,-գրել էր նա:

Գայանեն դիմել էր արդարադատության նախարարություն, նախկինում նախարարը եղել է Գագիկ Ջհանգիրյանը: «Կարո՞ղ է մի հարցում էլ ուղարկենք Գագիկ Ջհանգիրյանին, պարզելու, թե որտեղ կլինի Կիրովականի ժողդատարանի 1989-94 թվերի արխիվը՝ վարչական աշխատողների վերաբերյալ (մասնավորապես, մեր աշխատանքային ստաժի՝ դատարանի գրասենյակում աշխատելու վերաբերյալ, իսկ 92-ից հետո եղած ստաժի համար նաեւ հավաստաթուղթ՝ դատարանի կողմից սոցվճարումների մասին)։ Հիշում եմ, Ջհանգիրյանն էր այն ժամանակ դատական մարմինների վարչության պետը, եւ մի անգամ նաեւ եկել է տնակային պայմաններում գործող դատարան։ Դառնանք օղորմի տանք այն ժամանակվա գրասենյակի պետին, որ եթե ողջ լիներ, ապա հաստատ նման խնդրի առաջ չէինք կանգնի, եւ գոնե կիմանար, թե ուր կամ ում է հանձնվել արխիվը, քանի որ ներկա դատարանը հավաստիացնում է, որ իրենց մոտ միայն 1999 թվից հետոյի արխիվն է, դատական դեպարտամենտից էլ տեղեկացնում են, որ իրենց մոտ առկա չեն նման տվյալներ»։

Իսկ Լոռու եւ Տավուշի մարզերի դատարանների արխիվում միայն դատական վճիռներն են, անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ինչպես տեղեկացանք նրանից, նա իր աշխատանքային գրքույկից քաղվածք է ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, ինչպես նաեւ՝ աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու հրամանները՝ դեպարտամենտից տեղեկանք ձեռք բերելու հույսով։

«Հաջորդ «այլընտրանքային» ճանապարհը մնում է «մեդիում» կանչելը եւ հանգուցյալ դատավորներին հարցում անելը»,-հեգնախառն գրում է Գայանեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728