Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հրաժարվում ես ինքնորոշման իրավունքից, ապա ագրեսոր Ադրբեջանի մեղքը քո վրա ես վերցնում»․ Շավարշ Քոչարյան

Փետրվար 24,2023 22:33

«Պատերազմները չեն ավարտվում խաղաղության պայմանագրով։ Մենք ինչ-որ բացառություն ենք ուզում դառնալ։ Որպես կանոն, դա լինում է հրադադար՝ փխրուն, որը ցանկացած պահի կարող է խախտվել։ Այդ խաղաղության պայմանագիրն իրականում հնուց եկած գաղափար է, երբ գործում էր ուժի իրավունքը, երբ պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում էր իր բոլոր պայմանները»,-«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այսօր, երբ ասում ենք «խաղաղության պայմանագիր», ապա Ադրբեջանն ու Թուրքիան կամա-ակամա դրա տակ հասկանում են հնուց եկած այն գաղափարը, որ պետք է պարտադրեն իրենց բոլոր պայմանները»,-նշեց Շավարշ Քոչարյանը։

Ապա նա շեշտեց, թե որոնք են լինելու Արցախի՝ արդեն իսկ կյանքի կոչված ինքնորոշման իրավունքից հրաժարվելու հետեւանքները․ «Դա նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, որը ենթադրում է Արցախի հայաթափում տարբեր սցենարներով։  Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, եւ Արցախի ժողովրդի գոյատեւումն Ադրբեջանի կազմում անհնար է։ Եթե հակամարտության հիմքում ինքնորոշումն է, ապա ո՞վ է ագրեսորը․ Ադրբեջանը։ Եթե չկար ինքնորոշում, ապա ագրեսորը ՀՀ-ն է։ Սա շատ էական է գիտակցելը։ Ինքնորոշում եղել է, եւ ռազմական փուլի հետեւանքներն ահավոր են՝ մարդկային զոհեր, կորուստներ, նյութական-մշակութային արժեքների ոչնչացում․․․ո՞վ է դրա համար պատասխանատու։ Եթե հրաժարվում ես ինքնորոշման իրավունքից, ապա ագրեսոր Ադրբեջանի մեղքը քո վրա ես վերցնում։ Խոսքը վերաբերում է ՀՀ-ին»։

Անդրադառնալով ՀՀ դաշնակիցներին՝ Շավարշ Քոչարյանն ասաց․ այն պահից, երբ Ռուսաստանն ու Իրանը տեսան, որ ՀՀ իշխանությունը տուրք է տալիս պանթուրանական ծրագրին, ՀՀ-ն կորցրեց իր այդ դաշնակիցներին․ «Իշխանությունը հստակ նպատակ ունի եւ չի չի թաքցնում, որ ուզում է ՌԴ-ին դուրս մղել։ Մնում է գնալ դեպի Թուրքիա։ Բնականաբար, այս իշխանությունը պետք է հեռանա, բայց ոչ բավարար պայման է այսօրվա իրավիճակում։ Դա ենթադրում է, որ նման գիտաժողովները պետք է հասարակությանը նախապատրաստեն ապագա իշխանության համար»։

Դահլիճից հարց հնչեց՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ինքնորոշման իրավունքից հրաժարումը կնշանակի, որ ՀՀ-ն ագրեսոր է։ Շավարշ Քոչարյանը բացատրեց․ «Արցախյան խնդրի հետ կապված եղել է ռազմական բախում։ Կան բազմաթիվ զոհվածներ, ավերածություններ, կորուստներ։ Ո՞վ է դրա համար պատասխանատու։ Այդ տեսանկյունից «տարածքային ամբողջականություն, թե ինքնորոշման իրավունք» վեճը ոչ միայն տեսական է, այլեւ կենսական մեծ նշանակություն ունի, որովհետեւ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին։ Փաստ է, որ Արցախն ինքնորոշվել է, իսկ Ադրբեջանն ի սկզբանե որդեգրել է ուժի քաղաքականությունը։ Այդ դեպքում ագրեսորն Ադրբեջանն է եւ ինքն է պատասխանատուն։ Եթե ՀՀ իշխանությունը հետ է կանգնում ինքնորոշման իրավունքից, ապա ստացվում է, որ ագրեսորի պիտակն ընկնում է ՀՀ-ի վրա։ Դրանից բխում է, որ միջազգային պրակտիկայում սպառնալիքներ եւ պատժամիջոցներ կարող են լինել։ Ադրբեջանի բոլոր քայլերը բխում են այդ տրամաբանությունից։ Նոյեմբերի իննի խայտառակ թղթով արդեն արվել է առաջին քայլը՝ ընդունելու, որ ՀՀ-ն ագրեսոր է։ Դրա կետերից մեկով ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է որոշակի տարածք։ Ստացվում է, որ եթե վերադարձնում ես, ուրեմն վերցրել ես․․․Հայաստա՞նը։ Հիմա խաղաղության պայմանագիրը նաեւ այդ պատճառով չպետք է կնքվի, որովհետեւ այն եւս մեկ անգամ ամրագրելու է ՀՀ-ի՝ ագրեսոր լինելը։ Եւ այդ մեքենան մեր դեմ գործելու է, որովհետեւ Ադրբեջանը փաթեթներով պատրաստել է այդ ամենը՝ ռազմական հանցագործություններ, նյութական կորուստներ, տարածքներ․․․խայտառակ գործընթաց է լինելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728