Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություն. ԵԽԽՎ համազեկուցողներ

Փետրվար 24,2023 23:10

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ  Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP/CD) այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Փետրվարի 17-19-ը՝ Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ տիրող իրավիճակը գնահատելու նպատակով նրանք այցելել էին Հայաստան և եղել Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում ու դրանց շրջակայքում, ինչպես նաև հայկական կողմից Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման պատճառով Գորիսում արգելափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Հայտարարության մեջ ասվում է.

«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություն: Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ տարածաշրջանից, և, ինչպես տեղեկացանք, 954-ը դեռևս արգելափակված են միջանցքի երկու կողմերում։ Միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահների մեքենաներին է թույլատրվում երթևեկել այս միջանցքով, որը բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին, կենսականորեն կարևոր է, որպեսզի ապրանքները կարողանան ժամանակին տեղ հասնել ցանքի սեզոնին: Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ շրջանառությունը պետք է շտապ վերականգնվի՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության։

Ավելին, տարածքի գազամատակարարման և էլեկտրամատակարարման պարբերական խափանումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ ոտնահարման. շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակվել:

Մենք հիշեցնում ենք 2022թ. դեկտեմբերի 16-ի Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ մեր համատեղ հայտարարությունը, որով կոչ էինք անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլորը միջոցները Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին արգելափակված այլ անձանց «Լաչինի միջանցքով» անվտանգ անցումն ապահովելու համար։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը, որով ասվում է, որ «Ադրբեջանը (…) կձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով»: Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակի վրա հրավիրել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությունը և միանալ Լաչինի միջանցքի անօրինական և անիրավական խոչընդոտման անհապաղ դադարեցման մեր կոչին:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ապա մենք դիտարկել ենք Ջերմուկ քաղաքի և Սոթք գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ Մենք նշեցինք, որ հավաքվել են քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ, որոնք պահվել են հետագա փորձաքննության համար: Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն նաև վիճելի սահմաններից դուրս:

Մենք ողջունում ենք սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ տանել սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ:

Մենք մեր արդյունքները կզեկուցենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հաջորդ հանդիպման ժամանակ։ Մենք չափազանց զգոն ենք մնում ապագա զարգացումների նկատմամբ և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու խորհրդարանական մակարդակով այն ամբողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարատև խաղաղ կարգավորման հասնելու համար»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728