Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 24-ին Երևանում մասնակցել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին։
Միջոցառման ընթացքում ԱԳ նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում ընդգծել է, որ միջազգային հանրությունն ունի բավարար իրավական, պատմական և քաղաքական հիմքեր Արցախի Հանրապետության ճանաչման համար։
«Արցախի ինքնորոշման և անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ԽՍՀՄ այն ժամանակ գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր՝ ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը, փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները»,- նշել է նախարարը։
Կարդացեք նաև
Սերգեյ Ղազարյանը նաև շեշտել է, որ նույնիսկ հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն:
«Զուգահեռաբար, պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից»,-հավելել է Սերգեյ Ղազարյանը:
Անդրադառնալով Արցախի և նրա 120 հազար բնակչության՝ ավելի քան 70 օր շարունակվող շրջափակմանը՝ արտաքին գերատեսչության ղեկավարը այն որակել է որպես Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական օրինակ:
Խոսելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից օրեր առաջ ընդունված որոշման մասին՝ Սերգեյ Ղազարյանը նշել է․ «Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում:
Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և պարբերական խախտումները»:
Սերգեյ Ղազարյանն իր ելույթում նաև կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական կարողությունների համախմբումը:
Արցախի Հանրապետության
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն