Aravot.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Հայկ Պետրոսյանի գործով ձերբակալված մարտական դիրքի ավագի օգնականին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջեւանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով եւ մահացած վիճակում ընդունվել Իջեւանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետեւանքով։ Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1-ին եւ 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր նաեւ դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։