Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները եւ կայունություն հաստատել մեր տարածաշրջանում. Սարգիս Խանդանյան

Փետրվար 24,2023 22:44

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Վեհաժողովում փետրվարի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետեւյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք եւ վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսեւորում եւ դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը հակամարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության եւ բռնության շրջափուլը հաղթահարելու համար:

Ուստի ես ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները եւ կայունություն հաստատել մեր տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, եւ այն պետք է լուծվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով:

Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության եւ ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, եւ որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին:

Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (It’s about people), եւ ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728