«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարար եւ բարերար, եւ նրա ողջ ընթացքն Արցախում եւ աշխատանքն այդ պաշտոնում առաջնահերթ փորձում եմ դրական տեսանկյունից դիտել։ Ով եւ ինչպես է նշանակել, տեղյակ չեմ մանրուքներից, բայց նշանակել էր Արցախի նախագահը»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը։
«Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը կենտրոնացնելու էր պայքարի ոգին։ Եթե զերծ մնանք պայքարից, սա ոչ մի լավ բանի չի տանելու։ Անգամ հարյուր պարտությունից հետո չպետք է հանձնվել, եթե հարցը վերաբերում է Արցախին։ Ես կուզեի, որ Ռուբեն Վարդանյանը շարունակի իր գործունեությունը։ Նրա ազատումը բացասական որոշակի հետեւանքներ թողնելու է Արցախի վրա»,-հավելեց Սեյրան Օհանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ