«Խոսքը ոչ միայն ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին է, այլեւ ՄԻԵԴ-ի։ Արդեն ունենք դատական ակտերի համակցություն եւ քաղաքական հայտարարություններ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս՝ տեւական ժամանակ կյանքի չկոչելու միջազգային դատարանի որոշումը»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը։
«Ադրբեջանը փորձելու է ձգձգել ակտերի կատարումը եւ ուժեղացնել քաղաքական ճնշումը ՀՀ իշխանության հանդեպ՝ իր համար բարենպաստ փաստաթղթերի ստորագրումը կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ միջազգային կառույցների ճնշման ներքո, այդ ակտերը, ի վերջո, կյանքի են կոչվելու»,-համոզմունք հայտնեց Սիրանուշ Սահակյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ