Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է դիմումների այնպիսի ծավալ լինի, որ ՍԴ-ն տակից դուրս չի գա, հետո պետությունը տակից դուրս չի գա»․ Ջուլհակյանը` սահմանադրական բարեփոխումների նիստում

Փետրվար 24,2023 20:11

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում այսօր  մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց առաջարկություն սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքները սահմանել որպես հիմնական իրավունք եւ ամրագրվեն Սահմանադրության 2-րդ գլխում։

«Վերջերս մասնակցեցի միջազգային մի վեհաժողովի, որտեղ իբրեւ 21-րդ դարի սահմանադրական բարեփոխումների, որպես վատագույն հետքայլ, օրինակներ նշեցին Թուրքիայում պառլամենտական կառավարման  ձեւից նախագահականին անցումն ու Հայաստանի հանրապետության սոցիալական, տնտեսական մշակութային իրավունքների, որպես հիմնական իրավունքներ, այլեւս չդիտարկելը։ Այս տեսանկյունից, այսօր թրենդն այն է, որ երկրներում, որտեղ իրենց տեքստերում չունեն որոշակի դրույթներ՝ իբրեւ հիմնական իրավունքներ, նրանք փորձում են գտնել իրենց նախկին Սահմանադրություններում, օրենքներում ինչ-որ դրույթներ, որպեսզի բերեն դաշտ եւ հռչակեն սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքները որպես հիմնական։ Մենք ունեինք այս իրավունքները, բայց զրկվեցինք, սա արդեն իսկ հիմնավորում է այս բարեփոխումների անհրաժեշտությունը, եւ քաղաքացիներին այս սոցիալական իրավունքներից զրկելը դարձնում էր անբարո»,-ասաց Հակոբյանը։

Այդ իրավունքները որպես հիմնական իրավունքներ վերացնելը, ըստ Հակոբյանի, բացասական ազդեցություն է թողել, երբ 2015-ին փոփոխվեց ՀՀ Սահմանադրությունը։ Օրինակ՝ քաղաքացիները կամ մարդու իրավունքների պաշտպանն այս իրավունքների պաշտպանության սկզբունքով չեն կարող դիմել Սահմանադրական դատարան։

Հակոբյանի խոսքով՝  այս առաջարկությունը ենթադրում է՝ վերականգնվում է  իրավունքների անբաժանելիությունը․«ՄԻՊ-ը կունենա հնարավորություն դիմելու ՍԴ, նաեւ քաղաքացիներ հնարավորություն կունենան դիմելու ՍԴ՝ եթե այս իրավունքները ներառվեն Սահմանադրության 2-րդ գլխում։ Բացի այս, մենք ունենում ենք հսկայական արժեքաբանական նշանակություն, երբ այս հիմնական իրավունքներն ուղղահայաց կկաշկանդեն ե՛ւ դատավորներին, ե՛ւ պառլամենտին։   Այս պահին պետության հայեցողությունը չունի որեւէ սահմանափակում այս իրավունքների համատեքստում»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ավելի պատկերավոր օրինակ ներկայացրեց՝ Սահմանադրության 3-րդ գլխում սահմանված իրավունքների խախտման դեպքում ՄԻՊ-ը կամ քաղաքացին կարող է դիմել ՍԴ, ինչն այսօր չի կարող անել հիմա չի կարող․ «Եթե վաղը շտապօգնությունը դառնա վճարովի, դա այս պահին պետության հայեցողության սահմաններում է, եթե դառնա վճարովի, մենք կկարողանանք գնալ ՍԴ, իսկ գործող Սահմանադրությամբ չենք կարող։ Այսօր դպրոցում սովորելը պարտադիր է, միաժամանակ սկսած հինգերորդ դասարանից դասագրքերը վճարովի են։ Պետությունը  ծնողին ասում է՝ պետք է վճարես։ Ծնողը չի կարող գնալ ՍԴ ու ասել՝ ինչո՞ւ են ինձանից փող ուզում։ Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե ՄԻՊ-ն ու քաղաքացիները կարողանան սոցիալական իրավունքների մասով դիմել ՍԴ»։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝  եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշի, որ  գնում ենք նրան, որ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքները պետք է ներառվեն ՍԴ 2-րդ գլխում, ապա առաջարկում եմ՝ հատ -հատ քննարկել այն իրավունքները, որոնք պետք է տեղափոխվեն, եւ ինչ ծավալով ու ինչ բովանդակությամբ են տեղափոխվելու։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝  խոսքն այն մասին է, որ քաղաքական, քաղաքացիական իրավունքների գլուխը միանում են  սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին․ Մինչեւ 2015 թվականը միացված է եղել, որեւէ մեկը չէր դիմել դատարան եւ ասել, որ իմ այդ իրավունքը պարտավոր եք ապահովել։  Եթե մենք չենք հռչակում, որ մենք ուզում ենք, որ դրանք մարդու հիմնական իրավունք դառնան, մենք այդպես էլ այդ իրավունքներին տեղ չենք տալու։ 2015 թվին Սահմանադրությունը գրվել է  մի բանի համար, որպեսզի քողարկվի մի բան, որ նախագահականից անցնենք վարչապետական համակարգին եւ նույն մարդը դառնա վարչապետ։ Հիմա որեւէ վտանգ չկա, որ միավորենք եւ այդ իմաստով մեր պետությունը ձգտի գնալ նրան, որպեսզի կարողանա ապահովել այդ իրավունքները։ Չպետք է  ծայրահեղության մեջ ընկնել, որ եթե ընդունենք, խնդիր կունենանք, մեր դատարանները կսկսեն վճիռներ կայացնել, դե, գրած է, ուրեմն գնացեք տներ տվեք այդ մարդկանց։ Չի կարող նման բան լինել»։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը առաջարկության առնչությամբ մտավախություն ուներ, ասաց, որ մինչ այսօրվա քննարկումը հստակ որոշել էր, որ կողմ է քվեարկելու․ «Բայց, պարոն Հակոբյան, ձեր օրինակները սարսափեցրին  ինձ, գուցե շատ հաջող չէին։ Մտավախություն առաջացավ, որ ձեր բերած օրինակների համատեքստում կարող է դիմումների այնպիսի ծավալ լինի ՍԴ, որ Սահմանադրական դատարանը  տակից դուրս չգա, հետո պետությունը տակից դուրս չգա։ Եթե միավորում ենք, ուրեմն մանրամասն քննարկենք, հասկանանք՝ ինչպես ենք ձեւակերպում այդ իրավունքները»։

Արձագանքելով Ջուլհակյանին, Դավիթ Հակոբյանն ասաց․ «Ինձ մոտ տպավորություն է որ դուք ի սկզբանե պետք է դեմ քվեարկեիք, պարզապես ձեզ պետք էր արդարացում»։

Խորհուրդը դեմ էր Սահմանադրության քննարկվող գլուխների միավորմանը։ Ի վերջո առաջարկվեց  սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձեւակերպվեն Սահմանադրության 3-րդ գլխի շրջանակներում: Այս առաջարկությունն ընդունվեց քվեարկությամբ,  եւ որոշվեց՝  խորհրդի հաջորդ նիստում այս հարցը նորից քննարկել՝ ավելի մանրամասն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728