Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկեր կառույցների ջանքերով Լոռու մարզում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն

Փետրվար 24,2023 18:39

Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ Լոռի մարզի շահակիր կառույցների ներկայացուցիչների քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրն իրականացնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Ծրագիրը ֆինանսավորում են Կանաչ կլիմայի հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգը և Բնության համաշխարհային հիմնադրամը:

Կլիմայի կանաչ հիմնադրամից ստացված 10 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և 8,7 միլիոն դոլար համաֆինանսավորման շնորհիվ ծրագիրը երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և բնապահպանական արդյունքներ կունենա։ 8 տարվա ընթացքում Լոռու և Սյունիքի մարզերում կիրականացվեն հետևյալ աշխատանքները․

  • պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար հողատարածքի անտառապատում և անտառվերականգնում,
  • 1000 հեկտար համայնքնապատկան հողատարածքների անտառապատում և անտառվերականգնում,
  • 1600 հեկտար դեգրադացված անտառների կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում,
  • անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսություններին աջակցության տրամադրում՝ առկա ցածր արդյունավետություն ունեցող փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու համար։

«Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Անտառների վերականգնման և ծավալների մեծացման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչն այս ծրագրի նպատակն է, – ասաց ՊԳԿ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։ – Ծրագիրը կօգնի նաև նվազեցնել բնակչության կախվածությունը վառելափայտից՝ կանխելով ապօրինի անտառահատումները և խթանելով անտառների արդյունավետ օգտագործումը»։

Հանդիպմանը մասնակցում էին մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող կառույցների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Լոռու մարզպետարանի, համայնքապետարանների, անտառամերձ բնակավայրերի ղեկավար աշխատակիցներ, դրամաշնորհատու կառույցների, ծրագիրն իրականացնող գործընկերների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական կենտրոնների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Անտառների զարգացման այս ութամյա ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը:

Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության:

Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728