Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում էր ճնշել Ռուբեն Վարդանյանին, որ ստորագրի հրաժարական, չհասավ, հիմա արտաքին ճնշման տակ թաքնվելով՝ բերում է կեղծ նարատիվ, թե մեզ պարտադրում են». Նարինե Դիլբարյան

Փետրվար 24,2023 19:07

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական  շարժման անդամները ԱԺ խմբակցություններին փոխանցեցին նախապես ընդունված Արցախյան ազգային ազատագրական պայքարի 35-ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» համահավաքի բանաձեւը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու որոշմանը՝ շարժման անդամ Նարինե Դիլբարյանն ասաց. «Ես արձանագրել եմ, որ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ կատարում է Ալիեւի կամքը եւ ստորագրում է հերթական կապիտուլյացիան, ստանձնում  Ալիեւի ցեղասպանական բոլոր գործողությունների պատասխանատվությունը: Ես հիշեցնեմ, որ մինչեւ նոյեմբերի 9-ը, երբ Շուշին ընկել էր, Արայիկ Հարությունյանի հրահանգով կատարվում էր Արցախի բնակչության տարհանում եւ Քարվաճառի ճանապարհով տասնյակ հազարավոր ընտանիքներ Արայիկ Հարությունյանի դրդմամբ գալիս էին Հայաստան, այսինքն, դատարկում էին Արցախը: Սա երկրորդ փորձն է մերժելու այն ճանապարհը, որով եկել էր  Ռուբեն Վարդանյանը: Մենք ոչ թե պաշտպանում ենք Ռուբեն Վարդանյան անձին, այլ այն ճանապարհը, որն ինքը  բերում է՝ ապրելու կողք կողքի, բայց ոչ թե միասին:

Իսկ Արայիկ Հարությունյանը, փաստորեն, օգտվելով նրանից, որ արցախյան բոլոր իշխանությունները, նաեւ խորհրդարանը, որտեղ ինքը մեծամասնություն ունի, ենթարկվում է իրեն, նախ փորձում էր ճնշել Ռուբեն Վարդանյանին, որ ստորագրի հրաժարական, չհասավ դրան, իսկ հիմա արտաքին ճնշման տակ թաքնվելով՝ բերում է կեղծ նարատիվ, թե մեզ պարտադրում են, դա ստիպյալ է եւ ինքը ցավով է կատարում: Ո՛չ, ինքը կատարում է Ալիեւի կամքը: Եվ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, դա նիկոլականությունն է, այն հանձնվող կապիտուլյանտությունը: Բացի Նիկոլ Փաշինյանից, մենք պետք է կարողանաք ընդհանրապես ձերբազատվել այդ գաղափարաբանությունից եւ այդ համակարգի գործիչներից: Այսինքն, մեր պայքարը չի կարող լինել մերժել  մեկ անձի: Այդ անձերը, ինչպես տեսնում ենք, կան եւ Արցախում:

Մենք բոլորս ասում էինք Արցախը ամուր է եւ պայքարում է… մենք գիտենք, որ իրական Արցախը ամուր է, բայց այնտեղ գտնվում են մարդիկ, որոնք կատարում են Ալիեւի կամքը եւ ստորագրում են հերթական կապիտուլյացիաները: Այս պարագայում գնալ բանակցությունների Ադրբեջանի հետ՝ նշանակում է կրկնել Նախիջեւանի ծրագիրը, ընդունել այն բացարձակ անհիմն թեզը, որ Արցախը դուրս գալով՝ խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իրականում Արցախը չի խախտել, այլ ինքնորոշվել է: Ըստ էության, ինքը երբեք չի գտնվել Ադրբեջանի անկախ Հանրապետության կազմում: Մեր պայքարի նպատակը հիմնական հենց դա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728