Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնի կոնվենցիան շրջակա միջավայրի աղտոտման հարցերով չի զբաղվում, բնապահպան

Փետրվար 24,2023 17:36

Բեռնի կոնվենցիան շրջակա միջավայրի աղտոտման հարցերով չի զբաղվում, Բեռնի կոնվենցիան զբաղվում է կենսաբազմազանության հարցերով և այդ կոնվենցիայի դրույթներով պահպանվում են կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները, որոնք հիմնականում եվրոպական հատուկ պահպանվող տեսակներն են: Անմիջապես ուղղեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, երբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախապատրաստվող հայցի վերաբերյալ:

Նշենք, որ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, «Բեռնի կոնվենցիայի հիման վրա սկսվել է օկուպացիայի շրջանում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի առաջին միջպետական ընթացակարգը». ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

Ինգա Զարաֆյան

Քանի որ հարցի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, Զարաֆյանը դժվարացավ ասել, թե ինչ հիմքով կարող էր Ադրբեջանը հայց ներկայացնել՝ մանավանդ որ հայտնի չէ Ադրբեջանը Բեռնի կոնվենցիայի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ:

Ըստ համացանցում առկա տեղեկատվության, «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության կոնվենցիայի նպատակն է ապահովել վայրի ֆլորայի ու ֆաունայի և նրանց բնական միջավայրերի պահպանությունը առանձնակիորեն կարևորելով այն տեսակները և բնական միջավայրերը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է համագործակցություն մի քանի պետությունների կողմից, ինչպես նաև խթանել նման համագործակցությունը։ Առանձնակիորեն կարևորվում են վտանգված և խոցելի, այդ թվում վտանգված և խոցելի չվող տեսակները»

«Բեռնի կոնվենցիան հիմք ընդունելու համար պետք է ունենալ ֆոնային տվյալներ, որոնք կապացուցեն, որ ինչ որ ժամանակ եղել են Բեռնի կոնվենցիայով պաշտպանված կոնկրետ տեսակներ, որոնք անհետացել են, ասենք՝ հանքարդյունաբերության պատճառով: Թե ինչպես պետք է ադրբեջանական կողմը դա ապացուցի, որ դա ի սկզբանե եղել է հանքարդյունաբերության մեկնարկի պահին, քանի որ այդ տեսակը գուցե մի քանի տարի առաջ եղել է, բայց վերացել է տարբեր գործոնների ազդեցությունից: Ամեն դեպքում անտրոպոգեն ֆակտորը միշտ էլ կա, մարդը միշտ էլ ազդեցություն թողնում է, իսկ երբ սկսվում է ծանր գործունեությունը, ինչպիսին հանքարդյունաբերությունն է, պետք է ապացուցել, որ դա հենց այդ ծանր գործունեության մեկնարկին է եղել, կամ ապացուցել, որ դա եղել է «Էմերալդ ցանցում»՝ հատուկ նշված սահմաններով պահպանվող տարածքում, որտեղ գտնվում են Բեռնի կոնվենցիայով սահմանված ֆլորայի ու ֆաունայի տեսակները»,-ասաց Զարաֆյանը և հավելեց,-«Այդ ինչպե՞ս պետք է Ադրբեջանն ապացուցի, որ հենց ծանր գործունեությամբ են Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակները վերացել, նրանք շատ թույլ ապացուցողական բազա ունեն, չէ՞ որ եթե խոսքը գնում է ասենք հանքարդյունաբերության մասին, դրա մեկնարկին Ադրբեջանը մուտք չի ունեցել Արցախի տարածք, մոնիտորինգ չի արել, որպեսզի ապացուցի, թե իբր դրա պատճառով է տուժել Բեռնի կոնվենցիայով պաշտպանված տեսակը»:

Ինգա Զարաֆյանը կարծում է, որ պետական մարմինները պետք է խորհրդակցեն մասնագետների հետ՝ հատկապես՝ Բեռնի կոնվենցիայով մասնագիտացված անձանց հետ, որպեսզի կարողանան լրջորեն նախապատրաստվեն իրավական այս գործընթացներին:

Նազելի Վարդանյան

Նմանատիպ տեսակետ հայտնեց նաև փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։ «Կարծում եմ, հայկական կողմը պետք է լավ նախապատրաստվի սրան դիմակայելու համար։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի գտնվել Ադրբեջանի հետ, երբեք առճակատման մեջ չի գտնվել, որ հիմա էլ պատասխանատվություն կրի: Այստեղ պատասխանողի խնդիր կա, այսինքն` մենք պետք է ոչ պատշաճ պատասխանող ճանաչենք: Ամեն դեպքում գործընթաց է, մենք պետք է պատրաստվենք, գործի նյութերին ծանոթանանք և մենք էլ պետք է մեր հակընդդեմ հայցը ներկայացնենք: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ ներկայացնի, որ ինքը պատասխանող չի, որովհետև որևէ տեղ ամրագրված չէ, որ Հայաստանն է պատերազմի մեջ եղել Ադրբեջանի հետ: Սա քաղաքական խնդիր է»,-նշեց Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728