Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձեռնոց նետեք Ադրբեջանին․ եթե ուզում է սովետական քարտեզներով հարց լուծել, թող վերականգնի ԼՂԻՄ-ի տարածքը»․ Վարդան Օսկանյան

Փետրվար 24,2023 17:18

«Ադրբեջանն այսօր ամեն ինչում է իր կամքը պարտադրում, բանակցային օրակարգը եւս։ Բանակցություններում չկա հայկական օրակարգ։ Այլընտրանքը հետեւյալն է․ փաստաթուղթ չստորագրելու այլընտրանքը այն չստորագրելն է։ ՀՀ իշխանությունն այդ հնարավորությունն ունի։ Առանց ագրեսիվ լինելու՝ կարելի է դնել Շուշիի եւ Հադրութի խնդիրը, գերիների վերադարձի հարցը, ԼՂ կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի ուժերի դուրսբերումը ՀՀ տարածքներից։ Կարելի է ստեղծել մի փաթեթ, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել։ Դրանք մեր նվազագույն իրավունքներն են»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա նշեց․ «Տարօրինակ գուցե հնչի, բայց այս իշխանությունն ավելի լայն հնարավորություններ ունի, քան նախորդները։ Եթե այս իշխանությունը հոգեբանորեն պատրաստ է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա դա էապես մեծացնում է հնարավորությունները միջազգային հարաբերություններում։ Առաջարկում եմ ավելի համարձակ լինել իրավական դաշտում։ Կարելի է եւ պետք է ձեռնոց նետել Ադրբեջանին։ Եթե ուզում է սովետական քարտեզներով մեր հետ հարց լուծել, թող վերականգնի ԼՂԻՄ-ի տարածքը՝ Շուշիով ու Հադրութով»։

Վարդան Օսկանյանի խոսքով՝ իշխանությունը պետք է նաեւ համարձակություն ունենա ԼՂ կարգավիճակի հարցը քննարկել միջազգային դատարանում, որովհետեւ հայկական կողմի հիմնավորումներն ուժեղ են․ «Միջազգային դատարանը կարող է քաղաքական որոշում կայացնել։ Մենք դրա կարիքը նախկինում չունեինք, որովհետեւ հաղթողի դիրքում էինք, իսկ Արցախն անկախ էր, ու սեղանին ունեինք փաստաթուղթ, որը մեզ տալու էր ամբողջական ինքնորոշում։ Ձեռնոց նետեք։ Այս պահին որեւէ փաստաթուղթ չի կարելի ստորագրել եւ թույլ տալ, որ Ադրբեջանը «որսա» արցախյան ոսկե ձկնիկը։ Անկախությունից ի վեր մեր պետականությունը խարսխվել է հինգ հիմնասյան վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, եկեղեցի, սփյուռք։ Հինգն էլ այսօր խարխլված են, իսկ Արցախի հենասյունն ամբողջական փլուզման տակ է։ Ներսում պետք է համախմբվել եւ իսկական դիմադրություն ցույց տալ իշխանությանը, որպեսզի չստորագրի մի բան, որը կվտանգի Արցախը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728