Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Էլեն Իսրայելյան

Փետրվար 24,2023 17:22

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Հայաստա՛նս, Արցա՛խս։ Իմ հո՛ղ, իմ սե՛ր, իմ տո՛ւն ու տեղ։ Մի հողատարածք, որի համար բոլորն են պայքարում, բայց և տարածք, որն արյունով է պահվում։

Այս հողը, որը դարեր շարունակ արյունով է հեղեղվել և աշխատանքի քրտինքով լվացվել, հիմա ուզում են խլել մեր ձեռքից։

Ասում են, թե երկիրն ու ազգությունն ավելի լավը դարձնելու համար մարդ պետք է սկսի իրենից, և ես համամիտ եմ։

Ես պատրաստ եմ սկսել ինձանից, ես պատրաստ եմ կռվել, պայքարել, բայց և ապրել՝ հանուն երկրիս։ Ապրել ու արարել, կերտել նորն ու պահպանել հինը։ Ի վերջո, ես պատրաստ եմ հիշել նախնիներիս, սովորել պատմությունս ու հպարտ ապրել միայն ու միայն իմ երկրում։ Ո՛չ, ես պատրաստ չեմ, ես պարտավոր եմ։ Այս երկիրն է ինձ ծնել, մեծացրել, նա է ինձ համար հաց ու ջուր եղել, դա ուրանալը հանցանք է։

Եվ այս գրվածքով ես կոչ եմ անում, խնդրում եմ ապրեք հանուն ձեր երկրի։

Երկիրը կարիք ունի աշխատատեղերի, քանզի մարդիկ մեկնում են այլ երկրներ՝ աշխատելու, մի քանի կոպեկ ավել ստանալու։ Մեղադրելու չէ, նրանք կարիքն ունեն։ Եկեք հիշենք՝ ինչքան հայտնագործություններ են հայերն արել, ինչքան նորարարություններ։ Եվ մեր առօրյան գրեթե անհնար է պատկերացնել առանց դրանց։ Նրանք այդ ամենն արել են մեկ այլ երկրում, ուրիշի տանը հյուր լինելով։ Մեր երկրում նրանց հնարավորություն տալ է պետք, և նրանք կծաղկեցնեն երկիրը։

Երկրորդ պայմաններից մեկն ինձ համար այն է, որ ամեն ոք պետք է լինի իր տեղում։ Երբ ես բանաստեղծ եմ կամ մաթեմատիկոս, ես չեմ կարող բժիշկ դառնալ, հակառակը, ես կարող եմ մարդկանց օգնել իմ գործով։

Երկրի չկործանման համար անհրաժեշտություններից է իմանալ գիրն ու գրականությունը, պատմությունը, լինել հայրենասեր։

Չունես գիր և գրականություն, չես կարող ունենալ քո տունն ու տեղը։ Չգիտես պատմություն, սարի ծաղկի նման քամին փչելուն պես մեկ դես կթեքվես, մեկ՝ դեն։ Եթե հայրենասեր չես, այն էլ՝ Հայաստանում, չես կարող գոյատևել։

Պատմությունը մեզ օրինակ պետք է ծառայի, նրանից դասեր պետք է քաղել։ Դասեր, որոնք աչքաթող են արվում։

Ես կարող եմ ասել, որ ես հայրենասեր եմ։ Ես Պետոն եմ, Աբոն, ես հայրս եմ՝ Ագոն։ ինչպես կարելի է թողնել, որ թշնամու ոտքով նրանց թափած արյունը պղծվի, նրանց շնչով օդը աղտոտվի, չէ՜, չի՛ կարելի։

Հայաստանում ապրելը բարդ է, այստեղ ապրելու համար մի ձեռքում պետք է աշխատանքիդ գործիքը լինի, մյուսում՝ զենքը պապերիդ։

Ես Արցախը չեմ առանձնացնում։ Ասելով Արցախ՝ հասկանում եմ Հայաստան, ասելով Հայաստան՝ ես հասկանում եմ վայր, որը հերոսներ է ծնել, վայր, որը մեզ ծնել է ու մեծացրել, մեզ հերոս է դարձրել։

Ես հպարտ եմ, որ հայրենիք ունեմ՝ հզոր Հայաստան։

Ես հպարտ եմ, որ ՀԱՅ եմ։

Ներկայացված բանաստեղծությամբ ցանկանում եմ ասել, որ օտարները մեզ օգնական չեն, բոլորն են շահի ձգտում։

 Աշխարհը կույր է

Հսկա տարածքից մի թիզ ենք դարձել,

Միլիոնների մեջ հազար ենք դարձել,

Թշնամիներ են եկել ու անցել,

Հայրենի տունս գրավել ուզել։

Թշնամին հողս զավթել է ուզել,

Թշնամին հայիս մորթել է ուզել,

Աշխարհը երկիրս կարծես չի տեսել,

Աշխարհը ողբս կարծես չի լսել։

Այսպես շատ ու շատ դարեր են անցել,

Երկիրս ու հայս մաշվել ու մաշվել,

Ինչքա՜ն էլ անցնի, թշնամին նույնն է,

Աշխարհն էլ անշուշտ հենց նույն ձև կույր է։

 

Իսկ այս մեկով ես ցանկանում եմ հայրենասիրություն նվիրել բոլորին։


Իմ ՀԱՅԱՍՏԱՆ

Երկիր ունեմ հին, նաիրյան,

Երկիր՝ լեռնոտ ու քարքարոտ,

Երկիր՝ դրոշմ վեհ քաջության,

Երկիր՝ հպարտ ու բարձրահոն։

 

Երկիր ունեմ, ա՜խ, պարծության,

Երկիր՝ խիզախ ու միշտ կանգուն,

Երկիր ունեմ հպարտության,

Երկիր՝ ասես մի հսկա տուն։

Երկիր ունեմ, ա՜խ, խոշտանգված,

Երկիր՝ ծեծված ու հալածված,

Երկիր՝ չորսկողմ սևով պատված,

Երկիր, բայց և ողջ մնացած։

Երկիր ունեմ իմ մոր նման,

Որ նշտար է դառել հայի,

Երկիր ունեմ իմ հոր նման,

Որ պաշտպանն է դառել հայի։

Երկիր ունեմ այնքան լավը,

Արժանի է փառաբանման,

Նման երկիր, այն լոկ մեկն է,

Որ կոչվում է իմ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հ.Գ. Բանաստեղծությունները հեղինակային են

Էլեն ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728