«Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը։ Առնվազն երեսուն տարուց ավելի՝ Արցախն անկախ պետություն է․ անկախ իր՝ միջազգային իրավական ճանաչումից, որովհետև բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների մագիստրոս, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի նախկին անդամ, որոշ ժամանակ նաև Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանը։
Ըստ նրա՝ եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը, միևնույն է, երբ պետությունն առաջանում է, դա պատմական փաստ է։ Թե ինչ հիմքով է պետությունը առաջացել՝ հենվելով կոնկրետ իրավունքի վրա, քաղաքական, պատմական, միջազգային, թե հեղափոխական ուղիներով և այլն, դա երկրորդական է։ Միջազգային իրավունքն ընդունում է՝ այն իրողությունը, որ կա պետություն՝ միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշներն առկա՞ են, թե՞ ոչ։
Վարդան Պողոսյանը փաստեց՝ ինքնորոշման իրավունքը կարևորագույն իրավունքներից է միջազգային իրավունքում, և Արցախն օգտվել է այդ իրավունքից։ Նա փաստեց․ «Դեռևս 1988-1991-ին, երբ Արցախը հանդիսանում էր ադրբեջանական ԽՍՀ մաս և սահմանադրական ճանապարհով, Խորհրդային միության սահմանադրության, պետական իրավունքի խստիվ համապատասխանությամբ՝ դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումը, հասավ այն բանին, որ նա այլևս ադրբեջանական ԽՍՀ մաս չէր։ Առնվազն 1991-ից հետո Արցախի հանրապետությունն անկախ պետություն է, և դա իրականացվել է և Խորհրդային միության օրենսդրությանը համապատասխան, և′ միջազգային իրավունքին»։
Փաստելով, որ թեև ՀՀ-ն չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, սակայն ՀՀ-ն իր բոլոր հիմնադիր փաստաթղթերով՝ սկսած Անկախության հռչակագրից, Արցախը դիտարկել է որպես ինքնուրույն սուբյեկտ, որը չի գտնվում և չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում։ Այս առիթով մանրամասնեց․ «Դա վկայում է նաև 1992-ի՝ ՀՀ-ի ԳԽ-ի կողմից ընդունված հայտարարությունը, որն արգելում էր ՀՀ-ի որևէ համաձայնությամբ որևէ փաստաթղթի առկայությունը, որտեղ ԼՂ-ն կդիտարկվեր ադրբեջանական հանրապետության մաս։ Նույն Ադրբեջանը 1993-ին՝ ռազմական գործողությունների թեժ փուլում օգտագործել է ԼՂՀ անունը։ 1993-ի սեպտեմբերի 3-ին հայր Ալիևը ստորագրում է լիազորություն այն ժամանակվա միլի մեջլիսի նախագահի տեղակալին, որպեսզի կազմակերպի բարձր մակարդակի հանդիպում Ադրբեջանի և ԼՂՀ միջև։ Երբ նայում ենք 1993-ին կնքված լոկալ հրադադարները և այդ թղթակցությունը Ադրբեջանի և Արցախի միջև, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը դիմում է ԼՂ զինված ուժերի հրամանատարին, որոշ դեպքերում նաև ԼՂ պաշպանության նախարարին։ 1993-ի օգոստոսին Ադրբեջանի հանրապետության ՊՆ-ն և Արցախի պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը ստորագրել են լոկալ հրադադարի պայմանագիր։ Այսինքն՝ ԼՂ սուբյեկտայնությունն այն ժամանակ ընդունվել է անվիճելիորեն ադրբեջանական հանրապետության կողմից»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այսօրվա իրականությանը՝ Վարդան Պողոսյանն ասաց․ «Հիմա Իլհամ Ալիևն իր ելույթներում արդեն խոսում է այն մասին, որ նույնիսկ չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Ղարաբաղ և այնտեղ ապրող հայեր, որոնց իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն իբր Ադրբեջանի կողմից, որն ունի իրավազորություն այդ տարածքի նկատմամբ։ Առնվազն 1991-ից Ադրբեջանի Հանրապետությունը որևէ ձևով որևէ իշխանական ֆունկցիաներ ԱՀ տարածքի նկատմամբ երբևէ չի իրականացրել։ Օդի մեջ եղած պնդումներ են, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Ադրբեջանի Հանրապետությունը չունի որևէ իրավական տիտղոս ԱՀ նկատմամբ։ Ադրբեջանի նարատիվը բավականին բարդ է, իրենք էլ մինչև վերջ առ այսօր չեն կարողանում ասել, թե իրենք ովքեր են։ Բայց, ցավոք, մենք ականատեսն ենք այն իրողությանը, որ ՀՀ իշխանություններն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշում են ցուցաբերում այս հարցի նկատմամբ, քան իրենք՝ ադրբեջանցիները։ 1991-ի Ալմաթայի հռչակագիրն ադրբեջանական նարատիվ էր, բայց այսօր նորից շրջանառության մեջ մտցրեց ՀՀ վարչապետը։ Այս ամենն արվում է այն չակերտավոր հիմնավորմամբ, որ մենք թույլ ենք և չենք կարող պաշտպանվել, պետք է հրաժարվենք մի մասից, որ պահենք մյուս մասը։ Այդպես չի լինում։ Պետությունը պետք է կարողանա իրեն պաշտպանել, հետևաբար ոչ ոք իրեն չի պաշտպանելու, հետևաբար ԱՀ ճակատագիրը ոչ միայն արցախահայության, այլ մեր բոլորի՝ նաև ՀՀ-ի և սփյուռքի ճակատագիրն է։ Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր՝ առաջին հերթին իրավական փաստարկները, որ կարողանանք պահպանել ՀՀ-ն, ԱՀ-ն և կարողանանք հասնել նրան, որ ԱՀ-ն իսկապես մնա անկախ պետություն և լինի անվտանգ պետություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Համախմբում շարժման ֆեյսբուքյան էջից