Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոչ թե օգնում ենք, այլ խեղում ենք աշխատաշուկան. Արա Խզմալյանը՝ կենսաթոշակառուների աշխատանքային արտոնությունների մասին

Փետրվար 24,2023 16:31

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանի կարծիքով, կառավարության առաջարկը՝ կենսաթոշակառուների աշխատանքային արտոնությունների մասով, կարող է բացասական անդրադառնալ աշխատաշուկայի եւ ընդհանուր տնտեսության վրա, քանի որ բիզնես համայնքի համար մեծ մտահոգություններ է առաջացնում:

Ի դեպ, այսօր, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, կառավարության այդ առաջարկը ամենաքննարկվողն էր. դրան անդրադարձ եղավ մի քանի անգամ:

Իր ելույթում Արա Խզմալյանն ասաց. «Կա կարծիք եւ այն տրամաբանություն ունի, որ ինքնին տարիքը խնդրահարույց է՝ աշխատանքից ազատելու համար: Սակայն այն ձեւակերպումը, որը կա առաջարկվող նախագծում, երկու անգամ քննարկվել է ՍԴ-ի կողմից եւ հղկվել է՝ բերվել է համապատասխանության՝ ՀՀ միջազգային պարտավորությունների, ԱՄԿ ստանդարտներին: Այսինքն, այն ձեւակերպումը, որը հիմա կա, չի խախտում մարդու իրավունքների մասով ՀՀ պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ, եթե մենք վերացնում ենք այդ հնարավորությունը եւ գործատուին թողնում ենք միայն մեկ տարբերակ՝ գնահատել աշխատողի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին, ստեղծում է մի հատ շատ բարդ իրավիճակ, քանի որ ՀՀ-ում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի տեսանկյունից, գործատուի վրա դրված է ապացուցման բարձր շեմ՝ աշխատանքային պայմանագրի լուծման պրակտիկայում: Դատական պրակտիկայում, ընդհանուր առմամբ, աշխատանքային վեճերը աշխատողի օգտին լուծելու մոտեցում կա եւ ստացվում է, որ ցանկացած կասկած առ այն՝ արդյոք անձի մասնագիտական ունակությունները կամ հմտությունները՝ տարիքից ելնելով, այլեւս բավարար են, թե՞ ոչ, զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքը կատարելու համար, հանգեցնելու է հօգուտ աշխատողի դատական ակտի: Այսինքն, գործատուները ստիպված են լինելու գնալ երեք ճանապարհներից մեկով. կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին թողնել աշխատել՝ անտեսելով այն բոլոր ռիսկերը, որոնք բխում են տարիքից, իսկ մենք խոսում ենք վարորդների, ծանր ու բարդ տեխնիկա շահագործող մարդկանց մասին, որոնց թերացումը կարող է հանգեցնել նաեւ մարդկային կյանքի կորստի»:

Երկրորդ տարբերակը՝ գործատուն մասնագիտական կարողություններ ու հմտությունների գնահատում է իրականացնում ինչ-որ մեխանիզմով, գնում է դատարան եւ պարտվում, քանի որ դատարանները նեղ են մեկնաբանում:

Բանախոսը համամիտ է փոխնախարարի հետ՝ աշխատաշուկայում այսօր աշխատուժի պակաս կա ու դրա համար էլ, իր գնահատմամբ, գործատուները իրականում չեն շտապում ազատվել այն աշխատողից, որը կարողանում է իր աշխատանքը կատարել: Իսկ կառավարության նման առաջարկով, նա համոզված է, ոչ թե օգնում ենք մարդկանց, այլ խեղում ենք աշխատաշուկան:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արա Խզմալյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728