«Այսօր տպավորություն են ուզում ստեղծել, որ չկա այլընտրանք, որ Արցախը պետք է զիջենք, որ փրկենք ՀՀ-ն։ Սա եւս սուտ ու կեղծ թեզ է եւ մեծ վտանգներ է պարունակում։ Անզեն աչքով թվում է, թե վիճակն անելանելի է։ Այդ վիճակը ստեղծել են մեր իշխանությունները, եւ քաղաքացիներն այդպես են մտածում»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա շարունակեց․ «Իշխանական թեւից շատ է հարց հնչում, թե դուք մեր փոխարեն ի՞նչ կանեիք։ Միշտ այդ հարցն են տալիս։ Այդ հարցի հետեւում խորամանկություն է թաքնված։ Իրենք գիտեն, որ ինչ էլ առաջարկվի՝ համոզիչ չի լինելու, որովհետեւ խնդիրը այնքան բարդ է, այնքան է բարդացվել՝ հենց իրենց գործունեության արդյունքում։ Բայց ասեմ, որ իմ աչքն անզեն չի ու սովորական չի։ Ես եղել եմ ներգրավված բանակցություններում, առաջնորդել գործընթացը, ակտիվ մասնակցել բոլոր առաջարկված պայմանագրերին եւ գիտեմ դրանց ամեն բառի նշանակությունը։ Ես մադրիդյան փաստաթղթի գրողներից մեկն եմ, դրանում ինչ հայանպաստ դրույթ կա՝ ես եմ հեղինակը, ես եմ եղել բանագնացը»։
Վարդան Օսկանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը դեռ պետք է խորանա-ուսումնասիրի մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը․ «Նա նաեւ Ալիեւի հետ էր խորհրդակցել այդ հարցում՝ հասկանալու համար բանակցային ողջ նախապատմությունը։ Այդ օրերին Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց հանդիպելու առիթ է եղել, եւ ես նրանց հետեւյալ անեկդոտը պատմեցի։ Թուրքիայի բանտերից մեկում մի բանտարկյալ գնում է գրադարանավարի մոտ։ Այո, թուրքական բանտերում էլ կան գրադարաններ։ Ու մի գրքի անուն է տալիս ու խնդրում, որ եթե ունեն՝ կարդա։ Հակաիշխանական, «հակապետական» գիրք է դա լինում, եւ գրադարանավարն ասում է՝ գիրքը չունենք, բայց գրքի հեղինակն է այստեղ, գուցե կարող եք նրան հանդիպել։ Այս անեկդոտը պատմեցի իրենց եւ ասացի, որ իրենց ղեկավարին ասեն, որ մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, Երեւանում է ապրում։ Կարող է կանչել եւ խորհրդակցել»։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ եթե այդ ժամանակ Փաշինյանն իրեն կանչած լիներ, նա հետեւյալ խորհուրդը կտար․ «Հաշվի առնելով այդ օրերին իր բարձր հեղինակությունը ՀՀ-ում, Արցախում եւ սփյուռքում, նա ուներ հնարավորություն իր վրա վերցնելու այն պատասխանատվությունը, որը չկարողացան կամ չուզեցին անել նախկին նախագահները, անելու լրացուցիչ մի քանի զիջումները եւ հասնելու Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։ Մադրիդյան փաստաթուղթը տալիս էր այդ հնարավորությունը, նա լավ ժառանգություն էր ստացել։ Ես պատրաստ էի իր կողքը կանգնել այդ հարցում եւ աջակցել, որովհետեւ իրապես հնարավորություն կար հասնել խաղաղ կարգավորման՝ ի նպաստ Արցախի եւ ՀՀ-ի։ Բայց չծավալվեմ, թե Փաշինյանն ինչ ճանապարհով գնաց։ Երբ տապալում ես դիվանագիտությունը, տանուլ ես տալիս պատերազմը»։
Կարդացեք նաև
Ի հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների՝ Վարդան Օսկանյանը շեշտեց, որ ՀՀ որեւէ իշխանություն երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել․ «94թ․-ից իշխանությունները անկախ նրանից, թե ինչ բառապաշար են օգտագործել՝ ԼՂ ինքնորոշում, անկախություն, երեք նախագահներն էլ փաստել են, որ վերջնարդյունքում Արցախը վերադառնալու է դեպի մայր հայրենիք եւ դառնալու է ՀՀ-ի մաս»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ