Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Վովա Արզումանյան

Փետրվար 24,2023 16:20

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Պայքարի ու պատվի Հայրենիք

… Պատերազմը ձգվում է հայի երակներով ու հասնում երկինք: Այնտեղ իրականությունն այլ է, ներկաներն ավելի շատ են, քան բացակաները: Եվ շարքերով լուռ անցնում ես ու աղոթքի պես շշնջում՝ փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք…

Քրքրել եմ ամեն տեղ` թե՛ համացանցում, թե՛ գրքերում, թե՛ թերթերում… տեսնեմ երկրագնդի վրա քեզ նմանը կա՞։ Չգտա։ Դու աշխարհի բոլոր մեծ ու փոքր երկրներից տարբերվող ես։ Եվ դու, այո, ամբողջական արարչություն ես։

Մենք քո անունը տալիս ենք ամենուր` քնելիս, արթնանալիս, ճաշելիս, անգամ շնչելիս, որովհետև այդ ամենը դու ես մեզ պարգևում։ Եվ ասում ես՝ հա՛յ ես, պիտի ի՛նձ էլ հայկական պահես։ Մենք քեզ սիրում ու փայփայում ենք մեր ձեռքերի մեջ։ Բայց չգիտեմ, թե ինչու է մեր ձեռքերը միշտ մի քանի մետր կամ կիլոմետր այն կողմ խրամատ շոշափում։ Երևի ճակատագիր է, ի՛նչ արած։ Իմ ճակատագրակա՛ն հայրենիք։ Գունավոր, անգույն, անհետաքրքիր ու հետաքրքիր ճակատագիրը քեզ չի կարող փոխել, որովհետև դու նա ես, ում համար միշտ արյուն է հեղվում։ Արյունը գին ունի և երբեք չի մոռացվի։

Ես ասում էի, որ անցյալը հորինվածք է, բայց հիմա նոր-նոր մտածում եմ, որ ամեն ինչ քեզնից է սկսել․․․ քո գրկից, քո տաք հայկական հողից։

Դու քո կերպարով օրինակ ես, որ եղել ենք ու պիտի լինենք` առանց ավելորդ փառասիրության, առանց օտարամոլության։ Համոզել ու համոզում ես, որ մերը պահելն ու պահպանելն է ճիշտը։ Եվ դու իրավացի ես, Երկիր իմ։ Դու ամեն ինչ տեսար, բայց չկոտրվեցիր, որովհետև խիզախում ես իմաստությամբ։ Ես ի՞նչ անեմ, որ արկի հիշողության մեջ դու չլինես… Թող ե՛ս լինեմ քո փոխարեն։

Արցախս, դու հաղթանակից առաջ ես ծնվել, որ օգնես հաղթանակն էլ ծնվի, քանի որ քո հող-արյան մեջ եռում է հաղթանակի հասնելու ձգտումը։ Վստահ եղիր, քո հաղթանակը բացարձակ է ու անքննարկելի, որովհետև դու ես հիմքում։

Երկիր իմ, լսո՞ւմ ես, պատերազմը նաև հիշողությունները վերարժևորելու և դրանք ամուր պահելու դասեր տվեց ինձ։ Տատս` երջանկահիշատակ Խալիսա Արզումանյանը, Ադրբեջանի բժշկական համալսարանում է սովորել, բայց միշտ ասում էր, որ ոչ մի ադրբեջանցի դասախոս չկար։ Մարդու ծիծաղ է գալիս՝ որտեղից եկավ այդ արհեստածին պետության սին փառքը։ Ինչպես եկավ, այնպես էլ կգնա, բայց դու կմնաս, որովհետև Դու՝ ԴՈ՛Ւ ես։ Իսկ քո զավակները հերոսներ են, որ չեն երկնչում թշնամուց։

Հողը խաղաղությանը սպասել գիտի…

35 տարի․․․

…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։

Լիդա մայրիկը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր որդուն սպասում, որ տուն գա խաղաղության հետ… Ոչ որդին եկավ, ոչ էլ՝ արժանապատիվ խաղաղությունը։
Հույսը որքա՜ն ցավ պատճառեց, սակայն վերապրումի լույս ներարկեց ծնողների հոգիներում…

Պատերազմը լռել չի սիրում․․․ Հայրենիքը պարտվել՝ նույնպես չի սիրում։ Լիդա մայրիկը նորից նույն ճամփին նայելով սպասում էր՝ ցավը հոգում, խոնջացած ձեռքերը ծնկներին դրած, ուսը փոքր-ինչ թեքած ու դարպասի մոտ քարին նստած։

Արցախյան շարժումը Հակոբի համար ճանապարհ բացեց, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումը երիտասարդին մղեց մարտի դաշտ, չվախեցավ, բայց չվերադարձավ էլ… Ինքը պայքարում է մինչև օրս, ինքը դեռ ապրում է։ Իսկ ապրելու շունչը մայրն է զգում՝ ամեն Աստծո օր որդու նկարին նայելով։ Տեսնես՝ ինչ է մտքում շշնջում։ Որդու նկարի հետ մտերմիկ զրույցի է բռնվում ու պատմում է իր ցավերի մասին։

Մորը մնացին միայն սև ու սպիտակ նկարները, որոնք լուռ ու խոնարհ պահարանից հսկում են ամեն մի օրը։ Գուցե այսօր նա այստեղ լիներ ու ընտանիք ունենար, երեխաներ, ու… ծնողների սրտում սպի չլիներ: Բայց սա մնում է զուտ մեծ երազանք։ Երազանքները ապրող հատկություն ունեն։ Նրանք պայքարող են, եթե մարդու ոգին նույնպես պայքարում է…

Հակոբն այսօր մեզ հետ լինելու փոխարեն դեռ առաջնագծում է՝ թե ո՞ր առաջնագծում, մենք էլ չգիտենք… Երևի կյանքի և մահվան առաջնագծում… Այն առաջնագծում, որտեղից պետք է ուժ առնի հայ մանուկը։ Իսկ մեր երկիրն ամբողջովին արդեն առաջնագիծ է։

Ամեն օր լվացքի պարանին մոտենալիս Լիդա մայրիկը երանի է տալիս այն օրերին, երբ Հակոբի շորերն էր փռում-չորացնում, այնուհետև խնամքով հավաքում ու ծալում, սպասում որդու տունդարձին, որպեսզի նոր հագուստով նորից ռազմաճակատ ճանապարհի։

Բայց, վերջին անգամ… այդպես էլ մնաց… Չեկավ…
Որդու դեմքը դրոշմված է մոր աչքերում, ամեն քայլափոխի երանի է տալիս, որ որդին մի օր գա։ Սրտում ամբարած շատ բան ունի. կպատմի ամեն ինչ իր որդուն…

Պատերազմը լռել չի սիրում, սակայն Լիդա մայրիկի դեմքի կնճիռների տակ լռել ու… ձայն չի հանում. տարիների սպասումը չի թողնում, որ հաճախ դեմքին ժպիտ հայտնվի։ Նա իր որդուն տեսնել է ուզում…

Նա պայքարող հայ կնոջ տեսակ է։ Իսկ պայքարի ոգին ծնվում է միայն հայոց Հայրենիքում, մեր պայքարի ու պատվի Հայրենիքում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, 20 տ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728