Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ պայմանագիրը ստորագրվի իմ նկարագրածով, Արցախը կվերածվի Ջավախքի, իսկ տասնամյակներ անց՝ Նախիջեւանի»․ Վարդան Օսկանյան

Փետրվար 24,2023 15:20

«Հարցերը վերջիվերջո լուծվելու են քաղաքական հարթությունում՝ զուգահեռ օգտագործելով միջազգային իրավունքի ողջ զինանոցը։ Հիմնավոր կասկած կա այսօր, եւ դա արտահայտվում է ՀՀ իշխանության եւ հակառակորդների արտահայտություններով, որ մեր իշխանությունը բանավոր եւ ինչ-որ տեղ փաստաթղթային առումով համաձայնել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն։ Սա վտանգավոր երեւույթ է»,- «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ նշյալ հանգամանքը միջազգային ճանաչում կստանա, երբ ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», եւ ՀՀ-ն այսօր փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելուն եւ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այդ բուն հանգամանքը․ «Եթե դա իրենց մոտ ստացվի, կներկայացնեն որպես ձեռքբերում։ Այդ փաթեթավորումն ունի լեզվական եւ ոճային դրսեւորում, ու երկուսն էլ ակնհայտ են դիվանագիտական աշխատանքում։ Իհարկե, ՀՀ իշխանության համար դժվար կլինի լղոզել կամ քողարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը։ Քողարկումը վերաբերելու է հիմնականում նրան, որ «խաղաղության պայմանագրում» լինելու է դրույթ, որ երկխոսություն է լինելու Բաքվի եւ Արցախի հայության ներկայացուցիչների միջեւ։ Այդպես տպավորություն են թողնելու, թե Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ կա բաց պատուհան։ Իմ գնահատականը եթե ճիշտ է, եթե սխալվում եմ, ապա ներողություն կխնդրեմ։ Բայց եթե այդ պայմանագիրը ստորագրվի իմ նկարագրածով, Արցախը կվերածվի Ջավախքի։ Բայց Արցախի եւ Ջավախքի տարբերությունը կայանալու է նրանում, որ տարիներ կամ տասնամյակներ անց Արցախը վերածվելու է Նախիջեւանի։ Ուստի եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք»։

Ինչ վերաբերում է խնդրի ոճային փաթեթավորմանը, ապա, Վարդան Օսկանյանի խոսքով, երկու գործոն կա՝ անխուսափելիություն եւ այլընտրանքի բացակայություն․ «Ես մերժում եմ այդ թեզը, որը հաճախ են շրջանառում՝ իշխանության անգործությունն ու ձախողումներն արդարացնելու համար։ Այսօր փորձում են ասել՝ անխուսափելի է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Սին, սուտ թեզ է՝ անընդունելի կանխավարկած, որի դեմ իսկական պայքար է պետք մղել։ Պատերազմը եղավ, որովհետեւ տապալվեցին բանակցությունները, որովհետեւ չկարողացանք պահպանել ռազմական հավասարակշռությունը։ Պատերազմը վարեցինք շատ վատ, դրա համար պարտվեցինք խայտառակ ձեւով։ Մինչեւ 2018թ․-ը թեկուզ եւ հարաբերական, բայց կայունությունը պահպանվել է երկու գործոնով՝ դիվանագիտություն եւ ռազմական հավասարակշռություն։ Այդպես է եղել երեք նախագահների ժամանակ։ Երկրորդ նախագահի ժամանակ, երբ ես նախարար էի, ամեն անգամ, երբ Ադրբեջանը մերժում էր ՄԽ-ի հերթական առաջարկը, նախագահը միանգամից հրամայում էր նոր առաջարկ դնել եւ թույլ չտալ, որպեսզի դիվանագիտական վակուում ստեղծվի»։

Անցյալի փորձից մի շարք այլ օրինակներ թվարկելուց հետո Վարդան Օսկանյանը հավելեց․ «Գիտեք, չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել։ Հակառակը ընդունելը նշանակում է, որ քաղաքական անգործությունն ու անզորությունն արդարացնելու վարկած կա։ Քաղաքական իշխանությունը տապալել է բանակցությունները, այդ պատճառով ենք հայտնվել այս վիճակում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728