«Ընդհանուր առմամբ եթե վերցնենք, մենք, ըստ էության, կանաչ լույս ենք տալիս ծերությանը եւ կարմիր լույս ենք տալիս երիտասարդությանը: Մենք դեպքեր ունենք, երբ աշխատողը ճոճվելով աշխատանքի է գալիս, բայց ինքը ցանկություն չի ունենա հաստատ հեռանալու: Մենք այստեղ խախտում ենք նաեւ գործատուի իրավունքները, ի՞նչ առումով, որ ունենք առանձին աշխատանքի վայրեր, որտեղ չեն պատկերացնում, թե ի՞նչ է անելու 67-68 տարեկանն այդ աշխատավայրում ընդհանրապես»,- այսօր, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հիմնական զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին հարցրեց իրավաբան Միհրան Արշակյանը: Նա խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել հիմնավորումը՝ ինչո՞վ են առաջնորդվել կառավարությունում՝ նման փոփոխություն անելով:
Հիշեցնենք, կառավարությունը առաջարկում է կենսաթոշակառուների մասով՝ վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։
Փոխնախարարը վստահեցնում է՝ երիտասարդներին կարմիր լույս չի վառվում, տարեցներին, այո, կանաչ լույս վառվում է՝ հաշվի առնելով Հայաստանում դեմոգրաֆիական վիճակն ու կանխատեսումները, աշխատուժի պակասը, որը առկա է գործատուների մոտ: Նա նաեւ հիշեցնում է, որ աշխատողին աշխատանքից ազատելու մասնագիտական հմտությունների հիմքը կա ու խնդրում՝ տարիքի, բոյի, քաշի, սեռի հետ չկապել աշխատանքից ազատելը:
Թեման շարունակեց նաեւ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային գործարանի ներկայացուցիչ Նունե Ավանեսյանը՝ նկատելով, որ իրենց ոլորտում աշխատանքի պարագայում, տարիքի հետ կապված անվտանգության խնդիրներ են առաջ գալիս եւ բացի այդ, այդպիսով երիտասարդների արտագաղթն է մեծանալու տվյալ բնակավայրից: Նա առաջարկեց՝ կառավարության որոշումով լինեն ոլորտներ, որոնք կառանձնացվեն․ «Խնդրում եմ նաեւ նախատոնական օրերին մեկ ժամ շուտ աշխատանքն ավարտելու մասով բացառություն անել, քանի որ հակառակ պարագայում, հաջորդ հերթափոխը պետք է մեկ ժամ շուտ գա ու խնդիր է առաջանում, նաեւ՝ ժամավճարային աշխատողներ կան, ովքեր հրաժարվում են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը»։
Կարդացեք նաև
Փոխնախարարն ասաց՝ տարիքային սահմանափակում չի լինի, բայց ոլորտային սահմանափակումների հարցը կքննարկեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ