ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին ներկայացնելու հարցը:
Նախագծի հեղինակը եւ հիմնական զեկուցողը ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է։ Հարակից զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասաց, որ հարցեր չունի, եւ կարեւոր որակեց փոփոխությունները։
Հանձնաժողովի անդամներից Հակոբ Ասլանյանը եւս կարեւորեց փոփոխությունները․ «Վերջիվերջո մեր հայրենիքի պատիվն է միջազգային ասպարեզում ու մեր սպորտի առողջ պահելու ցանկությունը»։
Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ մյուս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ WADA-ն (Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը) գագաթաժողով է անցկացնելու Հայաստանում։ «Սա ամեն տեղ չէ, որ անցկացվում է եւ լուրջ ձեռքբերում է, հավատացնում եմ ձեզ»,-շեշտեց նա։
Քվեարկության դրվեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին ներկայացնելու հարցը, որն ընդունվեց բոլոր ձայների «կողմ» քվեարկության արդյունքում։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ