Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր քաղաքական ձևակերպումները՝ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրավական զրոյական արժեք ունեն». Լևոն Գևորգյան

Փետրվար 24,2023 13:16

«Իրականում, որպեսզի ոչ իրավաբան ներկաներին պարզ լինի, ասեմ՝ տարածքային վեճերն անխուսափելիորեն կապված են պատմական անցյալի հետ: Քննարկման սկիզբը 1918-ի մայիսն է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ վստահեցրեց միջազգային իրավունքի մասնագետ, պետության միջպետական վարույթներով խորհրդատու Լևոն Գևորգյանը:

Նա ահազանգեց՝ հակառակորդն ամենօրյա կտրվածքով ներգրավված է պատմության կեղծմամբ, անցյալի հետ կապված որոշակի դրվագների բարձրաձայնմամբ, ստեղծում է իրավական կեղծ պահանջատիրություն՝ հենվելով անցյալի վրա: Ուստի Լևոն Գևորգյանը կենտրոնացավ 1918-ի մայիսի՝ առաջին հանրապետությունների պատմական ժամանակաշրջանի վրա: Նա պարզաբանեց. «Երբ խոսում ենք Ադրբեջան պետության հետ հավանական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, պիտի քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որը սահմանադրական ռեժիմի մակարդակում հերքում է այսօրվա՝ անգամ 29000 քառակուսի կիլոմետր կոնցեպտը իրավական, սահմանադրական մակարդակում, քանի որ նրա սահմանային նկրտումները ծածկում են նաև Սյունիքը»:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության սկզբունքին՝ նա ասաց. «Տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դիսկուրսը առնվազն իրավական մակարդակում 2010-ից կարելի է համարել փակված: Արդարադատության միջազգային դատարանը, Կոսովոյի խորհրդատվական եզրակացության շրջանակում մեկնաբանելով այդ սկզբունքը, հստակ նշում է, որ այն գործում է միջպետական հարթակում և ուղղված է նախ ուժի գործադրման միջոցով տարածքային նվաճումների արգելքին: Տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ աղերս չունի տարածքի տիտղոսային պատկանելության հետ: Այդ պատճառով բոլոր այն քաղաքական ձևակերպումները՝ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրավական տեսանկյունից զրոյական արժեք կրող ձևակերպումներ են»:

Անդրադառնալով սահմանների շարունակականության հարցին՝ Լևոն Գևորգյանը ցավով նշեց. «Խորհրդային սահմանների շարունակականության նարատիվն իրականում ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական թեզ, որը պրոակտիվ սկսվել է տարածվել Ադրբեջանի կողմից՝ սկսած 2008-ից: Ցավոք, այն անհասկանալի կամ միգուցե հասկանալի պատճառով իր տեղն է գտել նաև հայկական քաղաքական խոսույթում: Սա բացարձակապես անընդունելի է»:

Լևոն Գևորգյանն անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյոք միջազգային իրավունքում գոյություն ունի՞ սահմանների շարունակականության պարտադիր նորմ: Նա նշեց. «Վարչական սահմանների սկզբունք միջազգային իրավունքում երբեք չի ընդունվել: Միջազգային իրավունքում չկա վարչական սահմանների ավտոմատ շարունակականության պարտադիր նորմ, և այն ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական նարատիվ»:

Ինքնորոշման իրավունքի մասին խոսելով՝ Լևոն Գևորգյանը կրկին հղում կատարելով ՄԱԿ-ի դատարանի 2010-ի խորհրդատվական եզրակացությանն, ասաց. «Ինքնորոշման իրավունքը բազմաթիվ քաղաքական շահարկումների և ձևախեղումների առարկա է դարձել: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2010-ի խորհրդատվական եզրակացությամբ հստակ արձանագրվել է, որ անկախության հռչակագրերը չեն կարող խախտել տարածքային ամբողջականության սկզբունքը: Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի արհեստական հակադրությունը իրավական նոնսենս է, քանի որ դրանք գործում են տարբեր հարթակներում»:

Ամփոփելով` Լևոն Գևորգյանն ասաց. «Իրավական նարատիվների ստեղծումը հզոր գործիք է քաղաքական հարթակում: Ընդամենը մի քանի տարի առաջ՝ որպես իրավական ռոմանտիզմի խնդիր կարող էր համարվել Արդարադատության միջազգային դատարանի առաջ Ադրբեջանից պատասխանատվություն կորզելու հնարավորությունը համարել, բայց հիմա ներգրավված ենք այդ գործընթացի մեջ: Ցավոք, անհրաժեշտ էր պարտվել պատերազմ, որ հասնել այդ գիտակցության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728