«Ազատություն». ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։
141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը` ձեռնապահ, այդ թվում` Հայաստանը։ Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել։
Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ։ «Հակամարտության մեկամյա տարելիցին մենք կտեսնենք, թե աշխարհի ժողովուրդները որտեղ են կանգնած Ուկրաինայի խաղաղության հարցում», – նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։
Կարդացեք նաև
Ծավալված քննարկումներում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե արևմտյան ճամբարի համար շատ ավելի դժվար է դարձել մոբիլիզացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ աջակցելու Ռուսաստանի դեմ իրենց «խաչակրաց արշավանքին»: Նա պնդել է, որ քվեարկության դրվող բանաձևը հակառուսական է և վնասակար։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ նորագույն պատմության մեջ երբեք այսքան հստակ չի եղել բարու և չարի սահմանը. – «Մի երկիր պարզապես ցանկանում է հեռանալ, մյուսն ուզում է սպանել ու ոչնչացնել»։
«Արդյոք այս սրահում կա՞ մեկը, ով պատրաստ է իր տարածքի մեկ քառակուսի մետրը նվիրել արյունարբու հարևանին։ Պատասխանը բոլորս գիտենք՝ չկա։ Ուկրաինան ձեզանից մեկն է։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, եթե մենք թույլ տանք ուժով փոխել սահմանները՝ քողարկվելով քաղաքական նպատակահարմարության կամ ագրեսորի նկատմամբ համակրանքի քողի տակ։ Աշխարհի աջակցությամբ Ուկրաինան կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության հանդեպ հարգանքը և կանի դա», – հայտարարել է Կուլեբան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցը մռայլ հանգրվան է Ուկրաինայի ժողվորդի և միջազգային հանրության համար․ – «Այդ ներխուժումը վիրավորանք է մեր հավաքական խղճին։ Դա ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային օրենքի խախտում է։ Այն հումանիտար և մարդու իրավունքների դրամատիկ հետևանքներ ունի, իսկ ազդեցությունը զգացվում է Ուկրաինայից շատ հեռու»։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: