Գյումրու կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում այսօր միջադեպ է տեղի ունեցել պարեկների մասնակցությամբ։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից և որտեղ երևում է հավաքված բազմություն, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ՝ պատմելով, թե ինչպես է ծագել միջադեպը։
Կարապետ Պողոսյանի փոխանցմամբ, պարեկները կանգնեցրել են Գյումրիին հարակից գյուղերից մեկից հարսանիք եկած վարորդի ու ասել, որ նա խախտում է արել։ Վարորդը պահանջել է ապացուցել ասվածը՝ պնդելով, որ ոչ մի խախտում չի կատարել։
Լեզվակռվից հետո պարեկները կանչով դեպքի վայր են հրավիրել մյուս ծառայակիցներին, ու երբ սկսվել է քաշքշոց․ մարդիկ տեսել են, որ վարորդին են հրում, քաշքշում, հավաքվել են՝ կանխելով միջադեպը։ Դեպքի վայր են շտապել հատկապես կանայք, որոնք անեծքներ են հնչեցրել՝ «երկիրն այս օրը գցողների» հասցեին։
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանը նշեց, որ դեպքի մանրամասները ինքը ևս փորձում է ճշտել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ծանոթ են հրապարակմանը, կատարվում է ուսումնասիրություն, լրացուցիչ կտեղեկացնեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ