Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվող Ստրանջայի 74-րդ միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանի հավաքականի 12 մարզիկներից հինգը շարունակում են պայքարը: Ընդ որում, նրանցից երկուսն արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մենամարտելու էր իտալացի Կառլո Անգելոնիի հետ, սակայն վերջինը չներկայացավ ռինգ ու առանց պայքարի հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Մադոյանը կիսաեզրափակչում է, այսինքն` իր համար ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Շուտով իր թիմակցին միացավ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը (լուսանկարում): Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովի հետ մենամարտից հետո գյումրեցի բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ նույնպես մտավ կիսաեզրափակիչ:
Հերթական հաղթանակից հետո առայժմ քառորդ եզրափակչում են մեր տղաներից 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը եւ 80 կգ՝ Համբարձում Հակոբյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ