Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր խորհրդարանական լսումներում ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների փաթեթը: Լսումները կազմակերպել էր ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:
Փոփոխության է ենթարկվել օրենսգրքի մոտ 122 հոդված:
Առաջարկվող նախագծով հստակեցվում են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները. 18-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչեւ 4 ժամ, սակայն շաբաթական 12 ժամից ոչ ավելի, 15-16 տարեկան երեխաները՝ շաբաթական 24 ժամից ոչ ավելի: Հստակ սահմանվել է, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ Հստակեցվել է նաեւ, թե ինչո՞վ չեն կարող զբաղվել երեխաները:
Մեկ այլ փոփոխությամբ, այսուհետ ուսանողն ինքը կարող է որոշել, թե ո՞ր գործատուի մոտ պրակտիկա անցնի. նախկինում դա ուսումնական հաստատություններն էին անում: Պրակտիկայի տեւողությունը մեկ ամիս է, մեկ գործատուի մոտ մեկ անգամ հնարավոր կլինի պրակտիկա անցնել:
Կարդացեք նաև
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մանկահասակ երեխա ունեցողներին։ Մասնավորապես, առաջարկվում է տվյալ աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։ Եթե դա նախկինում հնարավորություն էր տրվում մինչև մեկ տարեկան երեխա խնամողին, ապա այս փոփոխությունով՝ մինչև երկու տարեկան խնամողին։
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կենսաթոշակային տարիքի անձանց. առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։ Հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները. ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Այս նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։
Աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է արձակուրդների տրամադրմանը. եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի եւ իր հայեցողությամբ։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ