«Արցախի շարժման 35-ամյակը և այսօրվա իրավիճակը համընկել են և նորից մեզ բերել մի շատ լուրջ դիրքորոշման և մեր մեջ ուժ ու ոգի գտնելու գաղափարին»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նա տեսակապի միջոցով Ստեփանակերտից միացավ համաժողովին:
Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ թե միայն միջազգային կազմակերպությունների՝ այն ընդունելուց, այլ մեր միջից, մեր ցանկությունից, պայքարից, որ մենք դրա համար պատրաստ ենք ամեն ինչ անել:
Նա վստահեցրեց՝ արցախցիների մեծամասնությունն այդպես էլ մտածում է, և իրենք իրենց չեն տեսնում ոչ մի ուրիշ տարբերակում՝ բացի անկախ լինելուց։ Բայց կա նաև մի հատված, որը կորցրել է հավատը իր նկատմամբ, արդարադատության, ղեկավարության և ապագայի նկատմամբ։
Ռուբեն Վարդանյանն ասաց. «Անցելով այս վեց ամսվա ճանապարհով, ունենալով նոր փորձ՝ ես մի կողմից վստահ եմ, որ ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է անկախ, հայկական և չի հանձնվելու, մյուս կողմից՝ ես տեսնում եմ այն հիվանդությունները, որ մենք ունենք մեր մեջ. առաջին թշնամին մեր մենք ենք, որ չենք հասկանում՝ ուղղակի ամեն օրվա կյանքով ապրելով՝ չի ստացվելու փոխել: Եթե մենք մեր մեջ գտնենք այդ անկեղծ գաղափարը, ուժը, միացման և հասկանալու, որ լինելով տարբեր մարդիկ, տարբեր ճանապարհ անցած, տարբեր գաղափարների տեր, բայց Արցախի շուրջ բոլորս պիտի միավորվենք, որովհետև Արցախը մեր արմատային կետերից է հայկական աշխարհում, և մենք իրավունք չունենք նրան կորցնել, մեզ մոտ կստացվի: Վստահ եմ՝ տարբեր մարդիկ դրա մասին մտածում ու անհանգիստ են, բայց 1988-ից այժմ մի բան է տարբերվում: Այն ժամանակ մարդիկ հավատում էին, պատրաստ էին իրենց օրվա 24 ժամը նվիրել Արցախի անկախությանը: Եկեք նույնն անենք հիմա, հասկանանք, որ առանց դրա ոչ մի բան չենք կարող իրականացնել, և վստահ եմ, որ չնայած շատ դժվարությունների՝ մենք այդ դեպքում հաջողության կհասնենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ