Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կա՞ անվտանգություն մի երկրի համար, երբ Ալիեւը անթաքույց հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները 28 տարի արդյունավետ չեղան, ուժ կիրառեցինք. «Ազգ»

Փետրվար 24,2023 12:12

Մյունխենում նախ Մակրոնը, ապա ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը հիշատակեցին Հայաստանի անունը։ Ֆրանսիայի նախագահը ելույթի ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի վարչապետին սատարելու մասին, իսկ ԳԴՀ արտգործնախարարը Հայաստանին անդրադարձ արեց՝ ակնարկելով մեր երկրի խնդրառու դերը։ Նախ հիշատակենք Աննալենա Բերբոքի ելույթը, որ մյունխենյան հարթակում լսվեց ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի իր պաշտոնակիցներ Բլինքենի եւ Կուլեբայի հետ բանավեճի ժամանակ։

Խոսելով Արեւմուտքի միասնականության մասին, Բերբոքը շեշտեց, որ «ԵԱՀԿ-ն էլ մեռած չէ», ավելի քան երբեւէ միասնական է՝ վկայակոչելով ԵԱՀԿ գագաթնաժողովին հնչեցրած հարցը եւ դրա պատասխանը։ «Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք Ղազախստանն ու Ուզբեկստանն են, ասում են ուզում ենք ձեզ հետ սերտացնել մեր աշխատանքը։ ԵՄ-ն այժմ առաքելություն է ուղարկում Հայաստան, քանի որ Հայաստանն ասում է՝ ձեզ ենք վստահում մեր հետագա խաղաղության համար»։

Բոլորը կարծես եւ հաստատ խաղաղություն են ցանկանում։ Բայց՝ ի՞նչ ճանապարհով։ Եթե ագրեսորին զսպելու, զոհի կողքին կանգնելու ազնիվ մղումն է, ապա Հայաստանը եւ նրա վահան Արցախը վաղուց պիտի լսեին ագրեսոր Ալիեւին լռեցնելու Արեւմուտքի, մանավանդ՝ Գերմանիայի այս հնչեղ ձայնը։ Բայց Բերբոքի՝ Հայաստան առաքելություն ուղարկելու հայտարարությունը, որով, ուշադրություն, չի հաղորդում, թե ԵՄ-ն վստահության երաշխիք կամ՝ խոստում տալիս է, այլ ավելի շուտ ընդգծում է, թե Ռուսաստանը խաղաղություն չի հաստատել, հետեւաբար վստահությունը կորցրել է։ Բերբոքը երբեւէ չի դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, այնտեղ հաստատվելու  ոտնձգությունը, իսկ Մյունխենին նախորդած՝ Բեռլինում ՀՀ արտգործանախարար Միրզոյանի հետ մամլո ասուլիսում դարձյալ խուսափեց հստակ դիրքորոշում հայտնել։ Ուրեմն՝ նրա բերանից դեռ չենք լսել՝ Հայաստան -Ադրբեջան դիմակայության ագրեսոր եւ զոհ հստակեցումը։

«Չպիտի մոռանանք՝ ով է ագրեսոր, ով՝ զոհ։ Եթե շարունակենք մեղադրել զոհին, ասում էր Բերբոքը եւ նայում Բլինքենին, (ասես նաեւ ԱՄՆ-ն էր զոհը), նա էլ հաստատում էր գլխի շարժումով, «եւ թույլ տանք ագրեսորը հաղթի…ամեն օր ասում ենք ագրեսորին՝ խնդրում ենք փոխի՛ր կարծիքդ, եւ եթե փոխեց, կունենանք խաղաղություն Ուկրաինայում եւ ողջ աշխարհում։ Չի փոխի, մենք կլինենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, մինչ ունենա խաղաղություն, ազատություն։ Բերբոքի անգլերենով՝ «peace, liberty and freedom again»։ Բերբոքը խոսեց չեզոքության մասին, ակնարկելով, թե մեր՝ «արդեն ավարտվող շաբաթվա մեջ երկրները պիտի ընտրություն կատարեն՝ ո՞ր կողմում են մնում՝ ագրեսորի՞, թե՞ զոհի»։

Այստեղ իմ կարծիքով, պիտի շարադրել՝ Հայաստանն «ընտրություն» կատարել է՝ ի՛նքն է զոհը։

Մարդը, հայ մարդը, որքան գիտեմ, միշտ խաղաղություն է երազել։ Ուրեմն խաղաղությանը կողմ լինելով, բնական է, որ հայ մարդը Հայաստանում պիտի հարց տա՝ տեսնենք ի՞նչ թուղթ է մեր խաղաղության սեւագիրը։ Մանավանդ որ զոհի բարդույթից ազատագրվել էր դանդաղ՝ 60-ականներին նախ գրականության միջոցով, ապա 1988-ին Արցախյան շարժման, հաղթական ոգին վերագտնելու շեփորի կանչով, ռազմաճակատում իրական հաղթանակով… Իսկ հիմա նրան ուղղակի հուշում են՝ եթե քեզ չպաշտպանես, չես լինի։ Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ագրեսոր երկրի ղեկավար Ալիեւը 2020 թվականից հետո էլ վերապատմի իր 20 տոկոս կորցրած տարածքների, իր տառապանքի մասին։ Չպետք է ակնկալենք, որ վաղվա դերաբաշխմամբ կնկատեն, որ զոհը հենց դահիճն է։ Մյունխենում ցեղասպանին եւ ագրեսորին չզսպեցին, Մյունխենում Ալիեւին թույլ տվեցին, մե՞նք էլ չխոսենք…  Մյունխենյան համաժողովի ֆեսբուքյան էջում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան բանավեճի ժամանակ ադրբեջանցի մի օգտատերը գրում էr՝ Karabakh is Azerbaijan, մյուսը պատասխանում՝ Zangezur and Irevan too։ Պաշտոնական Երեւանը չի կարող հանդուրժել կամ՝ չպետք է հանդուրժի այս սպառնալիքը։

Մյունխենի անվտանգության համաժողովը մի վայր է, որտեղ մարդու, երկրի, պետության առաջնային բնական պահանջն է ընդգծվում՝ անվտանգությունը։

Կա՞ անվտանգություն մի երկրի համար, երբ Ալիեւը նույն հարթակից անթաքույց հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները 28 տարի արդյունավետ չեղան, ուժ կիրառեցինք։ «Արդար պատերազմ» ձեւակերպումն է անում, եւ նրան ՄԱԿ-ում ԳԴՀ դեսպան եղած Հոյսգենը չի սաստում, թե միջազգային իրավունքը նման ձեւակերպում չունի՝ պատերազմն ընդունելի է համարում աշխարհը, երբ քո վրա հարձակման դեմ պաշտպանվում ես։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728