«Մեր գոյության, գիտակցության, մեր ինքնության համար այսօր և ընդհանրապես Արցախը, Արցախի ու ողջ հայ ժողովրդի ինքնության և ինքնորոշման իրավունքն անսակարկելի է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ սրբազանը փոխանցեց Վեհափառի ջերմ գնահատանքը, օրհնությունն այս նախաձեռնության առիթով։ Այնուհետև շեշտեց․ «Արցախի ժողովրդի ինքնության և ինքնորոշման իրավունքն այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ մենք անցնել չենք կարող։ Արցախի ինքնորոշման իրավունքը անսակարկելի է»։
Նա մեր իրականությունը բնորոշեց՝ որպես «գողացված ուրախության, խոցված իրականություն» և միաժամանակ ասաց՝ դա պետք է մեզ համար լինի հույսի և վերականգնումի ճանապարհ և իրականություն։ Նա շնորհավորեց այն խիզախումի կապակցությամբ, որ 35 տարի առաջ հայ ժողովուրդը կատարել է ու վստահեցրեց․ «Մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու, կերտելու մեր նոր հաղթանակները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ