Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա Փաշինյանը փաստացի «փայ է մտնում» այն նույն ընկերության մեջ, որը նախկիններն էին բերել Հայաստան. «Հրապարակ»

Փետրվար 24,2023 11:40

Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ աչքալուսանք տվեց հայ հասարակությանը` «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել, եւ շուտով կսկսվի Ամուլսարի շահագործումը։

Ինչպե՞ս է գոյացել այս 250 մլն դոլարը, ի՞նչ է տալու կառավարությունը դրա դիմաց, ի՞նչ է ստանալու ժողովուրդը՝ մինչ օրս ոչինչ պարզ չէ։ Նախարարության կայքում երեկ տեղադրված հաղորդագրությունն ավելի է խճճում իրավիճակը։

Տեքստի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պետությունն ամեն տարի 7 մլն դոլար է ներդնելու համայնքներում, եւ առնվազն 100 մլն դոլարի վարկ է տրվում Ամուլսարի շահագործման համար։ Եթե կառավարությունը «փայ է մտնում» «Լիդիան Արմենիայի» հետ` 12,5 տոկոսի բաժնետեր դառնալով, նշանակում  է, որ ինքն էլ պետք է մարի այդ վարկը։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ յուրաքանչյուրն իր բաժնետոմսերի չափով, պարտավորություն են ստանձնում ԵԱԶԲ-ի առաջ։

Մինչդեռ նախկինում, առանց այս համաձայնագրի նման պարտավորություն պետությունը չուներ։ Կար մի մասնավոր ընկերություն, որից պետությունը փող էր ստանում, իսկ այսօր նաեւ պետությունն է ներդրում կատարելու։ «Լիդիան» ընկերությունը ստացել է գործընկեր` ի դեմս Հայաստանի Հանրապետության, որը ե՛ւ ֆինանսական պարտավորություն ունի, ե՛ւ եկամուտ` 12,5 տոկոսի չափով։ Բայց ի՞նչ է ունենալու ժողովուրդն այս եկամտից։

7 մլն դոլար՝ համայնքներին, տնտեսական աճ՝ տարեկան 1 տոկոս, աշխատատեղեր՝ ահա նախարար Վահան Քերոբյանի լոլո-խոստումները, որոնք ոչինչ չարժեն։ Պարզ է, որ գումարները՝ այսպես, թե այնպես, առանց այս համաձայնագրի էլ պետք է վճարվեին «ազդակիր» համայնքներին, որոնց էկոլոգիան վտանգվում է, եւ աշխատատեղերն էլ` առանց այս գործարքի, ապահովվելու էին, հանքերում աշխատողներին չէին կարող Չինաստանից ներմուծել։

Պարզապես այդ ամենն արվելու էր ոչ թե պետության, այլ հանքարդյունաբերողի փողերից։ Իսկ հիմնական հարցերը, որոնք ի սկզբանե տրվել են Ջերմուկում հանքարդյունաբերություն զարգացնելու առիթով, որոնք հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բարձրացրել դեռ 2018 թվականին, այսօր էլ մնում են։ Առաջինը՝ ինչո՞ւ պետք է հանքը Սերժ Սարգսյանի կողմից եւ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ տրված լիներ հենց «Լիդիան Արմենիային»։ Երկրորդ՝ ի՞նչ եղավ Ջերմուկի էկոլոգիան, որը սպանվելու է ցիանիտի օգտագործմամբ։

Հիմա Փաշինյանը փաստացի «փայ է մտնում» այն նույն ընկերության մեջ, որը նախկիններն էին բերել Հայաստան։ Բնապահպանական խնդրի մասին նոր համաձայնագրի կնքման ժամանակ խոսել է ԵԱԶԲ խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը։ «Ակնկալում ենք իրականացնել մի ծրագիր, որը կհամապատասխանի բնապահպանական անվտանգության բարձր պահանջներին, դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա եւ կստեղծի նոր զբաղվածության հնարավորություններ բնակչության համար»։ Այսքանը։ Ոչ ոք չի բացատրում, թե ինչպես եղավ, որ հիմա շրջակա միջավայրի վտանգների տեսանկյունից հանքի շահագործումը դարձավ անվտանգ կամ ավելի անվտանգ, քան նախկին ծրագրում էր, ինչ նոր ներդրում են անելու, ինչ նոր տեխնոլոգիա են բերել։ Ոսկու կորզման միակ եղանակը բնության համար մահաբեր ցիանիտի օգտագործումն է, այլ եղանակ աշխարհը չգիտի, եւ այս առումով ոչինչ  չի փոխվել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728