Դժբախտ պատահականությամբ արդեն որերորդ անգամ իշխանության ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հերթական փաստաթղթի արտահոսքն ընդդիմությունն է անում:
Ծանոթանալով Աշոտյանի կողմից հրապարակված տեքստին, միանգամից կարող ենք արձանագրել՝ մեղմ ասած, հայանպաստ չէ: Եթե «խաղաղության պայմանագրի» առանցքում համացանցում հայտնված այդ գրությունը պետք է լինի, ապա այն ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, հետեւաբար նաեւ (գուցե ոչ միանգամից, փուլ առ փուլ) Արցախն Ադրբեջանի կազմում ներառել: Դրանում հարակից բազմաթիվ այլ հարցերի ու կարգավորումների մասին եւս նշվում է, բայց այստեղ առանցքային ու կարեւորագույնն Արցախի կարգավիճակի հարցն է:
Փաստենք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այս օրերին շարունակ «խաղաղության պայմանագրի» մասին են խոսում, ու կասկածից անգամ վեր է, որ Փաշինյանի կաբինետն այն ստորագրելու մտադրություն ունի: Իհարկե, դժվար է կանխազգալ, թե արտաքին քաղաքական դեպքերն ինչ զարգացումներ կունենան, պայմանագիրն էլ՝ որտեղ կմնա, բայց այն, որ իշխանությունը մարդկանց ուղղակիորեն համոզում է՝ պայմանագրի վավերացումն անհրաժեշտություն է, փաստ է:
Հասարակությունն իրականում չի հասկանում՝ «խաղաղության պայմանագիրն» ի վերջո լա՞վ է, թե՞ վատ, որովհետեւ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը պարզ, մարդկային լեզվով, առանց պաթոսի, վիրավորելու ու էմոցիաների մարդկանց չի բացատրելու՝ որն է դրա օգտակարությունն ու վտանգը: Եվ չի բացառվում՝ մի գեղեցիկ օր, երբ Փաշինյանը հայտարարի՝ ելնելով ստեղծված ծանր վիճակից՝ փաստաթուղթ է ստորագրել, մարդիկ այդպես էլ չհասկանան՝ ի՞նչ է դա նշանակում կամ ի՞նչ անել դրանից հետո:
Կարդացեք նաև
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: