«Ամերիկայի ձայն». Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը իր թվիթերյան գրառման մեջ, արձանագրելով, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հեռացվել է Լեռնային Ղարաբաղում ղեկավար պաշտոնից, կարծիք է հայտնել, որ «միգուցե, Լաչինի ճանապարհային ճգնաժամի լուծումն այժմ մոտ է»: Ըստ դե Վաալի՝ դրան նպաստող երկու գործոններից մեկը միջազգային դատարանի վճիռն է, որը պարտավորեցնում է Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը, իսկ մյուսը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսելու մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ընթացած բանակցություններն են, ուր ադրբեջանցիները պնդել են, որ չեն բանակցի Ռուբեն Վարդանյանի հետ։
Իր հերթին, վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet»-ում հրապարակած «Միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ապահովել տեղաշարժը» շրջափակված ճանապարհով» իր հոդվածում գրել է, որ հայկական կողմն այս դատական գործում հայտարարել է իր հաղթանակի մասին, սակայն Ադրբեջանը չի ընդունում, որ փակ է պահում դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Ըստ վերլուծաբանի, պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու այս որոշման կատարումը։
«Թվում է, որ այս վճիռը դժվար թե մեծ ազդեցություն ունենա շրջափակման վերացման հեռանկարների վրա: Ադրբեջանը պնդում է, որ բոլորովին չի փակում ճանապարհը և, հետևաբար, պարտավոր չէ որևէ քայլ ձեռնարկել, որը չի ձեռնարկել մինչ այժմ»,- գրել է Կուցերան:
Կուցերայի պնդմամբ՝ այս հակամարտության ողջ պատմության ընթացքում միջազգային իրավական որոշումների գործնական ազդեցությունը սովորաբար մեծ չէ: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն անտեսի միջազգային դատարանի որոշումը, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է միջամտել այդ հարցին, ուր արդեն դիմել են Հայաստանի ներկայացուցիչները։ Այստեղ էլ, սակայն, Կուցերայի կարծիքով, ամեն ինչ նույնպես միանշանակ չէ, քանի որ «ՄԱԿ-ի վճռի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է մի պետության քաղաքական կամքը, որը պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Կուցերան հիշեցնում է, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր չորս բանաձև՝ պահանջելով հայկական ուժերին դուրս գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական տարածքներից։ «Այս բանաձեւերը անկատար մնացին մինչեւ 2020 թվականը, երբ Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուժով հետ վերցրեց այդ տարածքները»,-գրել է Ջոշուա Կուցերան:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: