Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ է ձգտում Մոսկվան, երբ հանդես է գալիս ԵՄ-ի առաքելության դեմ, ինչին դեմ չէ Ադրբեջանը. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 24,2023 11:03

2020 թ. Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմից առաջ թուրքերն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին պարզապես զրկեցին իր պաշտոնական գործառույթներն իրականացնելու հնարավորությունից «ՌԴ-ի հետ ունեցած կապերի պատճառով»: Նախարարը, ըստ էության, դեկորատիվ ֆունկցիա էր կատարում:

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սանդիխովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիեւից պահանջեցին մարտական գործողությունների ղեկավարման իրավունքից զրկել «բոլոր գեներալներին, ովքեր ռուսական կրթություն ունեն»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սիրահոժար կատարեց Անկարայի այդ պահանջը՝ Հասանովին ու մյուսներին հեռու պահելով ռազմաճակատի վերաբերյալ տեղեկատվության ստացումից, մշակումից ու ռազմական գործողությունների ղեկավարումից: Այն ժամանակ էլ ՌԳ ԱԳՆ ղեկավարը Սերգեյ Լավրովն էր, իսկ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ Մարիա Զախարովան: Բայց արի ու տես, որ այդ որոշումը նրանց չէր վիրավորել: Փաստ է, որ Ռուսաստանի՝ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններն անլուրջ են դարձնում նրա դիրքորոշումները:

Հարավային Կովկասում Ռուսաստանը ներկայացված է միայն Հայաստանում, որտեղ ռազմաբազա ունի: Երեւանը ֆինանսավորում է ռազմաբազայի գործունեությունը, չնայած այժմ միանգամայն անհասկանալի է, թե ռուս-թուրքական մերձեցման պայմաններում ինչպիսի ֆունկցիա է այն իրականացնում, հայ ժողովրդի զավակները զորակոչվում են նաեւ ռուսական բանակ՝ երդում տալով եւ Ռուսաստանի Դաշնությանը, եւ Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է երկկողմ պայմանագրով, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, սակայն Մոսկվայի գործողություններն առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ: Ռուսաստանը, ըստ էության, ոչ միայն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլեւ չի գործում դաշնակցային տրամաբանության շրջանակներում: Եվրամիության առաքելության՝ Հայաստանում Ադրբեջանի սահմանին տեղակայման դեմ Բաքուն չի խոսում, բայց խոսում է ՌԴ-ն՝ ինչպես Զախարովայի, այնպես էլ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի շուրթերով, թե, իբր, քաղաքացիական առաքելությունն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի եւ մտադիր է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից: Եվ ինչի՞ է ձգտում Մոսկվան, երբ հանդես է գալիս ԵՄ-ի առաքելության դեմ, ինչին դեմ չէ Ադրբեջանը: Ինչո՞ւ է կեղծ փաստարկ դնում շրջանառության մեջ, թե Բաքվի կարծիքը անհրաժեշտ էր նկատի ունենալ… Ընդհանրապես՝ ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան անհանգիստ, երբ Հայաստանի սահմանները հնարավորինս անվտանգ են դառնում…

Լավրովը Հայաստանին օկուպանտ անվանեց, ինչը համապատասխանում է միայն թուրքական ու ադրբեջանական բառապաշարին: Մինչդեռ, օրինակ, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ «դա հայերի հայրենիքն է, եւ ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը»:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով կատարում է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական մամուլի քարտուղարի պարտականությունները, դաշնակից Հայաստանի պահանջները հասկանալ-բավարարելու փոխարեն ավելի կարեւոր էր համարում այն փաստը, որ Ալիեւն իրենց մարդն է: Ըստ էության՝ նա Ռուսաստանի անմիջական թելադրությամբ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կառույցից վերածեց դեկլարացիայի՝ չվախենալով, որ այդպիսի նախադեպը բումերանգի ուժով հենց իրեն է հարվածելու: Արդեն հիմա Լուկաշենկոն խոսում է ՀԱՊԿ-ի միավորման անհրաժեշտության մասին, բայց, ինչպես ասում են, գնացքը վաղուց է մեկնել՝ իր հետ տանելով ՀԱՊԿ-ի հեղինակության վերջին փշրանքները: Կառույցի պահպանման միակ շահագրգիռը վերջին շրջանում հենց Հայաստանն էր, որի նախագահությամբ ՀԱՊԿ-ն շատ արագ զորք մտցրեց Ղազախստան, սակայն նույնպիսի պատասխան չստացավ: ՀԱՊԿ-ի մյուս անդամները փաստացի կանգնեցին Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի կողքին, չնայած վերջինս չի անդամակցում ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Դա նշանակում է, որ այս կառույցները որոշակի շրջանակներում հարաբերությունների կառուցման ու զարգացման խթան չեն եղել եւ չեն: Արդեն իրենից ոչինչ չի ներկայացնում նաեւ ԱՊՀ-ն. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել իր մեկ այլ՝ 2012 թ. ստորագրած «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման միջոցառումների մասին» հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին: Ռուսաստանը, ըստ էության, փորձում է «օրինականացնել» Ուկրաինայի տարածքի օկուպացիան՝ տարածքային պահանջներ ներկայացնելով նաեւ հետխորհրդային այլ երկրների։

Երբ Թուրքիայում հզոր երկրաշարժեր գրանցվեցին, եւ պարզ դարձավ, որ այդ երկիրն այլեւս հնարավորություններ չունի՝ մասնակցելու աշխարհաքաղաքական գործընթացներին, մենակության մեջ հայտնված Ադրբեջանը հայացքը հառեց դեպի Իսրայել, որը, սակայն, ցնցվում է ներքին խնդիրներից: Բաքուն, որն իր ոչ համարժեք գործողություններով բախվել է նաեւ Իրանի հետ ու գրեթե պատերազմական իրավիճակ առաջացրել՝ ելնելով ինչ-ինչ նկատառումներից, «վազեց դեպի Ռուսաստան», որի հետ վաղուց է աշխատում: Մոսկվան նրան առաջարկեց իր օգնությունը: ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, իր հերթին, Բաքվից Երեւանին սպառնաց պետականության կորստի հեռանկարով:

Լավրովն այս ամսվա վերջին կմեկնի Բաքու: Սկզբում փորձագետները համարում էին, որ, հնարավոր է, Ադրբեջանի մայրաքաղաքում որոշում կկայացվի Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու մասին, եւ Լավրովը կփորձի հանդես գալ «հայ ժողովրդի փրկարարի» դիրքերից: Սակայն դա արդեն ուշացած տարբերակ է. Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728