Տեղեկություն էինք ստացել, որ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում շինարարություն է նախապատրաստվում, եւ պատրաստվում են բարձրահարկ էլիտար շենքեր կառուցել։ Մեզ ասել էին, որ շինարարություն իրականացնողը Ջերմուկի Աշոտ Արսենյանն է, որն այդ տարածքից փոքր-ինչ ներքեւ` նախկին «տրամվայի պարկի» տեղում, արդեն մեծ թաղամաս է կանգնեցրել։
Նախ Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե մայրաքաղաքային գնդի՝ «Ստալիչնի պոլկի» տարածքում որեւէ մեկին քաղաքապետարանից շինթույլտվություն տրվե՞լ է` որեւէ տեսակի շինարարության համար։ Քաղաքապետարանից վստահեցրին, որ նման շինթույլտվություն չի տրամադրվել։ Այնուամենայնիվ, որոշեցինք պարզել, թե ում է այժմ պատկանում մայրաքաղաքային գնդի տարածքը։
Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը, թե ներկայում ում են պատկանում գնդի տարածքն ու շինությունները, պատասխանեցին, որ տարածքը, կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու տրվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որն էլ զբաղվում է պետական գույքի օտարմամբ, աճուրդների կազմակերպմամբ։ Պետգույքի կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը։ Հետաքրքրվեցինք, թե «Ստալիչնի պոլկը» երբեւէ եղե՞լ է վաճառքի ենթակա գույքի ցուցակում կամ ներկայում այդ ցուցակո՞ւմ է։
«Ձեր նշած «Ստալիչնի պոլկը» Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել կառավարության 2022 թ. ապրիլի 15-ի 496-Ա որոշմամբ՝ ի թիվս մի քանի տասնյակ այլ գույքերի։ Իսկ ինչ վերաբերում է այս պահին վաճառելուն, այդ գույքերը հանձնվել են պետգույքին՝ արդյունավետ կառավարման նպատակով։ Հենց այս պահին, երբ խոսում եմ Ձեզ հետ, գույքը դրված չէ օտարման, չի վաճառվում, բայց միգուցե հետագայում պետգույքը մտածի նաեւ այն օտարելու մասին»,- պատասխանեց կոմիտեի լրատվական վարչության պետ Գեղամ Ասատրյանը։ Այս տեքստից անգամ հասկանալի է դառնում, որ գործընթացը սկսված է: Չի բացառվում, որ Աշոտ Արսենյանն արդեն իր մտադրությունները բարձրաձայնել է, եւ մնում է ընդամենը տեխնիկական մասը` ձեւական աճուրդի կազմակերպումը:
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: