Ռուբեն Վարդանյանի հարցում Արցախի վերնախավի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահերը պարզապես համընկել են. համընդհանուր դավադրության տեսությանը ես, ինչպես եւ այլ դեպքերում, չեմ հավատում: Ադրբեջանի շահերից է բխում, որ նյութական միջոցներ եւ միջազգային կապեր ունեցող անձնավորությունն Արցախում որեւէ ազդեցություն չունենա: Արցախի վերնախավի մոտեցումներն ավելի «աշխարհիկ» են. 30 տարվա ընթացքում այնտեղ ստեղծվել է համակարգ, որը մի կողմից առատորեն օգտվում է Հայաստանի Հանրապետության եւ հայության միջոցներից, մյուս կողմից՝ այդ միջոցների վերահսկողությունն ավելի թույլ է, քան անգամ ՀՀ-ում: Վարդանյանը կարող էր եւ փորձեր էր անում այդ «դրվածքը» փոխել, ինչը շատերի համար ձեռնտու չէր: (Բայց, անկախ անձերից, վերահսկողության խստացում պետք է՝ ցավոք, այս շրջափակումը Արցախի վերջին փորձությունը չէ): Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ Վարդանյանը կարող է երբեւէ իրենց մրցակիցը լինել: Այդ պատճառով մեր իշխանավորներն իրենց բոլոր տեսակի քարոզիչների միջոցով Վարդանյանին ներկայացնում են որպես Ռուսաստանի էմիսար՝ այդ առումով համակարծիք լինելով Ալիեւի հետ եւ չբերելով հօգուտ այդ պնդման որեւէ ապացույց:
Բայց ցանկացած իրադարձություն պետք է գնահատել ոչ այնքան դրա դրդապատճառներով, որքան՝ հետեւանքներով: Ի՞նչ կտա Վարդանյանի պաշտոնանկությունը: ՔՊ-ական «ստրատեգներից» մեկը պնդում է, որ դա այն գինն է, որի դիմաց Ադրբեջանը չի պահանջելու «Զանգեզուրի միջանցքը»: Ոմանք ասում են, որ դրա շնորհիվ բացվելու է Բերձորի միջանցքը ու այլեւս երբեք չի փակվելու: Կան մարդիկ, որոնք ավելի հեռուն են գնում, եւ ակնարկում են, որ այդպիսով Ադրբեջանը փաստացի ընդունելու է Արցախի ինքնիշխանությունը: Եթե այդ ենթադրություններից գոնե մեկը ճիշտ է, ապա նախագահ Արայիկ Հարությունյանի որոշումը ոչ միայն արդարացված է, այլեւ ողջունելի: Բայց ես, մեղմ ասած, քիչ հավանական եմ համարում, որ դա հնարավոր է:
Կա նաեւ հակառակ ծայրահեղությունը՝ վերջ, ամեն ինչ կորած է, վաղվանից Արցախը հայաթափվելու է, էլ ոչ մի հույս չկա: Դա ավելի վատ է, քան կեղծ, գուցե քարոզչական երանգ ունեցող «լավատեսությունը»: Մեր ժողովրդի (ավելի ճիշտ՝ ժողովրդի գիտակից մասի) պայքարը պայմանավորված չէ տարբեր խաղացողների այսրոպեական շահերով, քաղաքական խարդավանքներով եւ կոնյուկտուրայով: Պարզապես պետք է հասկանալ, որ պայքարը Արցախի հայկական մնալու համար իրականում պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության գոյության: Հազարավոր հայեր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում դա հասկանում են: Մնացած տարաձայնությունները կարեւոր չեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ներքին համոզմունք ունեմ,որ Ռուբենը լավ մարդ է,խելացի,հավասարակշիռ ալ,հույս ունեի,որ կմասնակցեր 2021 ընտրություններին,բայց ռիսկ չարեց։
սակայն Ռուսաստանի էմիսար լինելը բաւականին հաւանական, plausible վերագրում մըն է… չասելու համար՝ ակնյայտ…
ինչ որ յաւելեալ ապացոյց մըն է, թէ Ռուսաստանը – շատ դժբախտաբար – որքան տկարացած ու անկարող դարձած է, մինչեւ իսկ Անդրկովկասի մէջ… քանզի հակառակ Վարդանյանին, Բերձորը փակ մնաց…
ամէն դէպքում, ինծի համար ցաւալին այն է որ, ոմանց յոյսը՝ Վարդանյանի նման անձ մը մնացած է…
դա արդէն, խորքին մէջ, յուսահատութիւն է
Գլոբալ այլասերվածների գործելաոճը նույնն է, ինչ լոկալ այլասերվածների, այն է’ քեզ վնաս հասցնելու համար նրանք քեզ ստիպում են, որ նմանատիպ վնաս դու հասցնես որեւէ մեկին, թեկուզ աննշան չափով կամ նույնիսկ հումորի տեսքով, կարեւորը, որ դու նման վնաս հասցնելը ընդունելի ես համարում Սկզբունքորեն: Եթե քո սկզբունքները թույլ չեն տալիս նույնիսկ հումորի համար նման վնաս հասցնես ում էլ պատահի, քեզ նմանտիպ վնաս չեն տա, նույնիսկ եթե դրա հնարավորությունն ունենան: Եթե սա հասկանանք, ապա կանխատեսել այլասերվածների հետագա ծրագրերը պարզ կդառնան: Օրինակ, ուկրաինացիներին համոզեցին ութը տարի գնդակոծել Դոնբասը եւ անցկացնել հակաահաբեկչական գործողություններ, սա նշանակում է, որ նրանք սկզբունքորեն ընդունում են մեծ ու փոքր քաղաքների գնդակոծումը եւ այլասերվածներն արդեն կարող են ուրիշների ձեռքով նույնն իրականացնել նրանց հանդեպ: Նույն գործելաոճն էլ ռուսների նկատմամբ, ռուսներին համոզեցին, թե Ուկրաինային պետք է դենացիֆիկացնել եւ դեմիլիտարիզացնել, սա նշանակում է, որ այլասերվածները պատրաստում են ռուսների համար ինչ որ դե- եր, նույն դեմիլիտարիզացիան եւ դենուկլեիզացիան, այսինքն’ ռուսների միջուկային զենքի լիակատար ոչնչացում: Արդյունքում կպարտվեն ռուսներն ուկրաինացիների հետ միասին եւ կհաղթի գլոբալ այլասերվածը իր լոկալ այլասերվածների’ հինգերորդ շարասյան հետ միասին: Իսկ եթե գնան բանակցության ոչ թե լոկալ այլասերվածների ներկայացուցիչները, այլ իսկական սկզբունքային ռուսներն ու ուկրաինացիները, այդ դեպքում նրանք կգան համաձայնության Սկզբունքների շուրջ եւ դրանով դուրս կշպրտեն ամեն տեսակ այլասերվածների իրենց քաղաքական դաշտից: Նմանապես մեր հարցում: Գլոբալ այլասերվածը մեր գեներալներին ստիպեց գնալ սկզբունքների խախտման եւ դղյակների ձեռքբերման, նման անսկզբունքայնությունը բանակի քայքայման հիմքը դրեց, որովհետեւ ձուկը գլխից է հոտում: Մյուս կողմից ընտրակաշառքները, որն էլ այլասերեց մեր ընտրողների որոշ մասին: Կարճ ասած, հիմա երկիր չկա, որ չայլասերվի, նույնիսկ ամենահզորները, բայց միակ փրկությունը բոլոր ժողովուրդների’ դա Սկզբունքների շուրջ բանակցելն է եւ պայմանավորվել, որ հնարավորություն են տալու ստուգել իրար, որ ոչ մեկը չխախտի ընդունված սկզբունքները: Սա նշանակում է, որ մենք մեր սկզբունքները պետք է ներկայացնենք մեր բոլոր բարեկամներին եւ թշնամիներին եւ հստակեցնենք մեր վերաբերմունքը նրանց հանդեպ: