2020 թվականը հայերի համար դարձավ անմոռաց տարեթվերից մեկը։ Պատճառը 44-օրյա պատերազմն է… Սեպտեմբերի 27, 2020 թվական… Սա կյանքիս ամենաարցունքոտ, ամենացավոտ առավոտն էր։ Չապրեցի 44 օր, ուղղակի շնչում էի։ Ցավից, վախով սպասումից, արցունքներից, կորուստներից խեղդվում էի… Ու ինչքան էլ անցնեն տարիներ, մեկ է, կան վերքեր, որոնք չեն սպիանում։ Ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ հայ ազգի զավակն եմ, Վազգենի, Ադամի, Ռոբերտի եւ շատ շատերի կյանքի գնով պահված հայրենիքում եմ ապրում։
Հպարտությունս կրկնապատվեց, երբ եղբայրս՝ Հայկը զորակոչվեց բանակ, եւ ես դարձա զինվորի քույր։ Երբեք չէի ցանկանա, որ մեր կյանքում կրկնվեր 2020թ. սեպտեմբերի 27-ը… Եղբայրս պատերազմի առաջին օրերից եղել է ամենաթեժ տեղերում ու ընկերների հետ արել է ամեն բան, անգամ անհնարինը, որ պահեն մեր հողը, մեր ունեցածը։ Եղբայրս բեկորային վնասվածքներ էր ստացել, բայց մի քանի օր հոսպիտալում կազդուրվելուց հետո կրկին միացել էր իր կռվող ընկերներին։ Պատերազմի 44 օրերի ընթացքում ընդամենը երեք անգամ եմ կարողացել եղբորս հետ խոսել, արցունքներս թույլ չէին տալիս…
Հպարտությունս անասելի դարձավ, երբ եղբորս ընկերը, ով վիրավորումից հետո տեղափոխվել էր Երեւան, պատմեց, թե ինչեր են արել այդ օրերին, թե ինչերի միջով են անցել։ Երբեք չէի ցանկանա լսել, թե եղբայրս ոնց էր պատմում ընկերների կորստի մասին: Այն, ինչ տեսել ու ապրել են տղաները, հավերժ հիշելու են ու դա երեալու է իրենց աչքերում։ Այդ 44 օրերը քանի մայրերի դարձրին սեւազգեստ, ինչքան մայրեր կան, որ մինչեւ օրս սպասում են իրենց զավակներին, սպասում են, բայց գիտակցում, որ այլեւս չեն տեսնելու։ Հերոսներ ծնած մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջեւ, հերոսներ ծնած որդեկորույս մայրեր, բացի խոնարհումից, երախտապարտ ենք Ձեզ, որ տվեցիք մեզ Ձեր ամենաթանկը… Թող այլեւս նման տարեթվեր չլինեն… Բավական է։ Պատերազմի 44 օրերը չապրած օրեր էին, արհավիրքը՝ ամենակուլ…
Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.02.2023