Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առանց երկմտելու եկա, ճամպրուկիս մեջ ֆրակս, վերնաշապիկս»

Փետրվար 24,2023 13:30

Վալերի Պոլյանսկիի ղեկավարած Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ կապելլայի մենակատարը 2011-ից ինտեգրվել է մեր Ֆիլհարմոնիկում

Հայաստանյան երաժշտական կյանքում գալարափողն այն գործիքներից է, որին հաճախ չենք հանդիպել մենակատարի դերում։ Մինչդեռ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես կատարող երաժշտի համար ամենադժվար գործիք։ Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով հայ հանդիսատեսին ներկայացել են ճանաչված գալարափողահարներ Ռադովան Վլատկովիչը (Խորվաթիա), Ռադեկ Բաբորակը (Գերմանիա)։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 24-ին ըստ էության եզակի հնարավորություն է դարձյալ գալարափողի հանդիպել որպես եզակի գործիք, այս դեպքում՝ Վլադիմիր Մեզենցեւի կատարումով։

Գալարափողի նախահայրը ստեղծվել է որսորդական ազդանշանի համար։ Հեռվից ձայնը էլ ավելի լսելի դարձնելու համար երկարացնում էին փողը, իսկ նվագելուն հարմար դարձնելու համար այդ փողը պտտեցրին՝ ստանալով գալարներ։ Այդպես ստեղծվեց գալարափողը։ 17-րդ դ. ֆրանսիացի կոմպոզիտոր Լուլլին օպերային նվագախմբի մեջ ընդգրկեց գործիքը, իսկ ավելի ուշ այն տեղ գտավ սիմֆոնիկ նվագախմբերում։ Մի բան էլ. ներկայիս գալարափողի փականների գյուտի հայտնագործումից հետո՝ 1830թ., գործիքը դարձավ սիմֆոնիկ, փողային նվագախմբերի եւ տարբեր գործիքային անսամբլների ընտանիքի լիիրավ անդամ։

Երիտասարդ գալարափողահար Վլադիմիր Մեզենցեւի գործունեությանը ծանոթանալիս տեղեկացանք, որ նա գալարափող սկսել է նվագել 12 տարեկանից, ապա մասնագիտացել Գնեսինների անվան պետական քոլեջում։ Հենց այդ ժամանակից էլ (2010թ.) սկսվել է նրա հաղթարշավը ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան մրցույթներում։ Երաժշտի նախկին աշխատատեղը Վալերի Պոլյանսկիի ղեկավարած Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ կապելլան էր։ Ներկայումս երաժիշտը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գալարափողահարների խմբի կոնցերտմայստերն է։ Նրա հետ զրույցից պարզեցինք, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 2021թ., դարձյալ ֆիլհարմոնիկի հրավերով, «Մալերի սիմֆոնիան երգերում» ստեղծագործության մեջ գալարափողի պարտիան կատարելու նպատակով. «Դա մայիսին էր։ Հանդիսատեսը բրավոներով ընդունեց կատարումը, դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Թոփչյանը։ Հետո ես վերադարձա տուն եւ մոտ կես տարի անց դարձյալ հրավեր ստացա ֆիլհարմոնիկից, այս անգամ՝ նվագախմբի երաժշտակազմը համալրելու համար։ Ճամպրուկիս մեջ տեղ գտան ընդամենը ֆրակս, վերնաշապիկը… Եվ առանց երկմտելու եկա, որովհետեւ տեսել էի մաեստրո Էդուարդ Թոփչյանի վերաբերմունքը նվագախմբի արտիստների հանդեպ եւ, ընդհանրապես՝ երաժիշտների մարդկային փոխհարաբերությունները, էլ չխոսեմ նվագախմբի մակարդակի մասին»։ Վլադիմիր Մեզենցեւը ժպիտով հավելեց նաեւ. «Իսկ ամենաառաջին անգամ Երեւան եմ եկել 2013թ., փողային կվինտետի կազմում, որը նախաձեռնել էր մոսկվաբնակ, փողային երաժշտության իսկապես ֆանատ, մասնագիտությամբ շեփորահար, մեծահարուստ Սամվել Ավետիսյանը։ Նրա աջակցությամբ վերանորոգվել է Երեւանի կոնսերվատորիայի շեփորի դասարանը եւ այդ մասին համապատասխան գրություն է փակցված»։

Զրույցի ընթացքում գալարափողահարը մեծ ակնածանքով խոսեց Ալեքսանդր Հարությունյանի Գալարափողի կոնցերտի մասին, նշելով, որ այդ երկը անպակաս է հանրահայտ երաժիշտների նվագացանկից, թեեւ ինքը դեռ չի անդրադարձել հիշյալ ստեղծագործությանը։ Դիտարկմանը՝ հավանաբար Հայաստանի ֆիլհարմոնիկում աշխատելու ժամանակահատվածում էլ չի կարող մասնակցել մրցույթների՝ ամենօրյա փորձերի, ծանրաբեռնված համերգային գրաֆիկի, հյուրախաղերի, ձայնագրությունների պատճառով, ավելի քան հինգ միջազգային մրցույթի դափնեկիր գալարափողահարը հակադարձեց. «Անպայման մասնակցելու եմ հունիսին Չայկովսկու անվան 17-րդ միջազգային մրցույթին, այս տարի այն փողայինների համար է»։

Անդրադարձ եղավ նաեւ կայանալիք համերգի ծրագրին, որտեղ արվեստագետը հանդես է գալու Ռիխարդ Շտրաուսի գալարափողի 2-րդ կոնցերտի կատարմամբ։ 1942թ. գրված այս ստեղծագործությունն այսօր էլ կարծես պարտադիր ծրագիր է բոլոր անվանի երաժիշտների համար, ինչի մասին մեզ տեղեկացրել էր Ռադեկ Բաբորակը երեւանյան այցի ժամանակ։ Այսպես. գալարափողը Շտրաուսի ընտանիքում սիրված գործիք էր, կոմպոզիտորի հայրը 49 տարի հանդիսացել է օպերային նվագախմբի գալարափողահարների կոնցերտմայստեր։ Այստեղից է գալիս որդու սերը դեպի այդ գործիքը։ Իսկ նրա առաջին ստեղծագործություններից էր գալարափողի համար գրված առաջին կոնցերտը՝ 1883թ., ուղիղ 60 տարի անց էլ գրել է 2-րդ կոնցերտը՝ նվիրելով հորը։ Ասվածին հետեւեց մեր զրուցակցի հետեւյալ միտքը. «Հատկապես 2-րդ կոնցերտում դրսեւորվել է կոմպոզիտորի հասուն ոճը, գալարափողի հնարավորությունների բազմակողմանի օգտագործումն ու ստեղծագործության գործիքավորման վարպետությունը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728